1.1 C
Yerevan
9 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 08.12.2023
Գլխավոր » Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ
Այլ Լուրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ,

Շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով:

Ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և ոստիկանության համակարգի, ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը:

Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ և իմ պատկերացումը և առաջադրանքը, որ դնում եմ Հայաստանի Հանրապետության Ոստիկանության առաջ հետևյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ և ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը և վստահություն ներշնչի քաղաքացիներին:

Այսպիսի հարաբերությունն է, որ էականորեն կմեծացնի հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, կմեծացնի հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը եւ նախականխմանը  ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը:

Հանրությունը, քաղաքացին պետք է անվերապահորեն վստահի ոստիկանին, իսկ այսպիսի իրավիճակի հասնել հնարավոր է ոստիկանության համակարգված բարեփոխումների միջոցով, երբ յուրաքանչյուր ոստիկան սեփական գիտելիքի, հմտության, իմացության աստիճանը բարձրացնելու ամենօրյա խնդիր է դրել իր առաջ, երբ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ոստիկանությանը և նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական և իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով և սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար:

Շատ կարևոր են նաև օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները հստակ ձևակերպված են, որտեղ հստակ սահմանված են այն կարմիր գծերը, որից այնկողմ ոստիկանությունը չի կարող անցնել և իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու և քաղաքացու իրավունքների:

Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից և առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար:

Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող և արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն:

Սիրելի՛ ոստիկաններ,

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև դրվատանքի խոսքեր ասել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ձեր կատարած աշխատանքի համար: Այստեղ ևս դուք պայքարի առաջնագծում եք:

Վերստին ցանկանում եմ ի սրտե շնորհավորել բոլորիդ և ձեր ընտանիքների անդամներին, որոնք անմիջապես իրենց կյանքում են զգում ոստիկանի աշխատանքի բոլոր բարդությունները: 

Արժանապատիվ և անփորձանք ծառայություն եմ մաղթում բոլորիդ:  

Նմանատիպ Հոդվածներ

«Դուք լո՞ւրջ եք հարցնում, իրո՞ք՝ ինձ փոխանցել են իրավիճակ, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի՞ լինելու»

Սերինե

Նայեք Ադրբեջանի դաշնակցի հուսալիությունն ու մերը․․․ ՀՀ-ն էլ ԼՂ-ի հետ լինի, մեկ է՝ Բաքվի դեմ մենակ է. Փաշինյան

Սերինե

Դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միչացնքի փակման համար. վարչապետ

Սերինե
Բեռնում.....