14.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Պատգամավոր Գոռ Գևորգյանը վարչապետի այցն ԱՄՆ կարևոր ու տեղին է համարել
Քաղաքականություն

Պատգամավոր Գոռ Գևորգյանը վարչապետի այցն ԱՄՆ կարևոր ու տեղին է համարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը մեզ հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ շատ կարևոր ու տեղին համարեց։

«Այցելությունը շատ կարևոր եմ համարում Հայաստանի Հանրապետության և Հանրապետությունից դուրս բնակվող մեր հայրենակիցների համար՝ որպես համակենտրոնացնող, մեկ միասնական գաղափարի ներքո համատեղ աշխատանք անելու, շարունակելու ձևաչափ։ Եվ այցի ընթացքում, մասնավորապես՝ ելույթի ընթացքում, վարչապետը մի քանի շատ կարևոր հղում կատարեց, որոնք, ըստ էության, մեծ արձագանք գտան Սփյուռքում առ այն, որ Սփյուռքն ամբողջությամբ ներգրավված է ՀՀ զարգացման և բարգավաճման ամբողջական ծրագրերում և Սփյուռքի շնորհիվ է նաև, որ մենք կարողացել ենք հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ։ Վարչապետը մասնավորապես շեշտեց, թե՛ արցախյան հերոսամարտը, թե՛ նորանկախ Հայաստանի կայացման առաջին քայլերը, որոնք շատ դժվար կլիներ իրականացնել առանց Սփյուռքի պատրաստակամության և մատուցած ծառայությունների»,- ասաց պատգամավորը։

Գոռ Գևորգյանի խոսքով՝ ցանկացած նմանատիպ այցելություն միտված է Հայաստանի հանապազօրյա կյանքին մեր հայրենակիցներին մասնակից դարձնելուն։ Ըստ պատգամավորի՝  դա շատ կարևոր է  թե՛ ներքաղաքական և թե՛ արտաքին  քաղաքական առումներով։

Գոռ Գևորգյանն այստեղ մի շատ կարևոր հանգամանք ևս նկատեց․ դա հայ-ամերիկյան հարաբերություններն են։

«Մենք չպետք է մոռանանք, որ ԱՄՆ-ն ունի հսկայածավալ հայ համայնք և այստեղ այդ համայնքն օգտվում է նույնանման իրավունքներիից, որոնցից որ օգտվում են ԱՄՆ-ի մյուս քաղաքացիները։ Եվ այս դեպքում, սա նաև այն կարևոր բաղադրիչն է,  որն ի ցույց է դնում հայ-ամերիկյան  հարաբերություններում ամերիկաբնակ հայերի մասնակցությունը, և  ներգրավվածությունն ԱՄՆ-ի ներքաղաքական կյանքում»,- ասաց Գ․ Գևորգյանը։

Բեռնում.....