ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ Վանաձորում կայացած ասուլիսում նոր Հայաստանի մասին հերթական 100 քայլերը թվելիս՝ խոսեց նաև ստվերային տնտեսության կրճատման մասին:
«2018-2019թթ-ի ընթացքում հարկային վարչարարության բարելավման հետևանքով արդեն իսկ զգալի կրճատվում են ստվերային տնտեսության չափերը։ Հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը վերջինիս լավագույն մոտարկող գնահատականներից մեկն է, որը 2019թ. սպասվում է, որ կավելանա 1.3-1.5 տոկոսային կետով՝ հասնելով 22.3-22.5 տոկոսի: Նույնիսկ զտելով այս տարվա հարկերի հավաքագրման յուրահատուկ գործոնները (օրինակ, հարկային դրույքների փոփոխությունը, ավտոմեքենաների աննախադեպ ներմուծումը և նման գործոններ)՝ կարելի է պարզ ձևով մոտարկել, որ 2019թ. ընթացքում մենք կունենանք ՀՆԱ-ում ստվերային տնտեսության ավելի քան 3 տոկոսային կետով կրճատում։ Հենց սա է մեզ համար հնարավորություններ բացում վերադարձնել նախկին պարտքերը, ավելացնել կապիտալ ներդրումները և գնալ աշխատավարձերի ու թոշակների աստիճանական բարձրացման ճանապարհով»,- մասնավորապես հայտարարել էր վարչապետը։
Տնտեսությունում ստվերի ծավալների հստակ թիվ մինչ օրս չի հնչել: Դրա ուսումնասիրություններ իրականացնում էր դեռ նախկին կառավարությունը, օրինակ՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը տարիներ առաջ հայտարարել էր, թե Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ աշխատանքներ են իրականացնում ստվերի ծավալը պարզելու համար: Ֆինանսները ծախսվեցին, սակայն թիվ այդպես էլ չհրապարակվեց: Ըստ էության՝ ստվերի չափման ճշգրիտ գործիքակազմ չկա, կան դատողություններ:
Փորձագիտական գնահատականներով՝ նախքան հեղափոխությունը Հայաստանում ստվերը 40-50% էր, նույնիսկ՝ 70%: Ստվերի կրճատման մասին է վկայում աշխատաշուկայի աճը: Սեպտեմբերի դրությամբ գրանցված աշխատատեղերի թիվը գերազանցել է 60 հազարը, որի մեծ մասը հենց ստվերից դուրս եկած աշխատատեղերն են:
Սակայն ստվերի կրճատման լավագույն ապացույցը, թերևս, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումն է: Նախկինում այդ ցուցանիշի դրական փոփոխությունը տարեկան մոտ 0.3% էր, և օրվա իշխանությունները դա որպես կարևոր ձեռքբերում էին ներկայացնում: Փաշինյանի կառավարությունը խոստանում է հարկեր/ՀՆԱ-ն բարելավել 1.3-1.5 տոկոսային կետով և, եթե դա հաջողվի, ապա կստացվի, որ ստվերի դեմ պայքարն առնվազն 4-5 անգամ արդյունավետ է իրականացվել: Ընդ որում՝ հաշվի առնելով, որ գործարար աշխարհից չկան ակնհայտ դժգոհություններ հարկային վարչարարությունից, այսինքն՝ ՊԵԿ-ը տեռոր չի իրականացնում, ապա կարելի է ասել, որ 2019 թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի 63.1 մլրդ դրամ գերակատարումը մեծ մասամբ տեղի է ունեցել նաև ստվերի ծավալների կրճատման հաշվին:
Ընդդիմախոսներն այս գերակատարումը պայմանավորում են հիմնականում ավտոմեքենաների ներմուծման ոլորտում առկա գերակտիվությամբ: Սակայն 2019 թ. առաջին կիսամյակի տվյալները հակառակն են փաստում, ինչի մասին նշել էր նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Այսպես՝ պետական բյուջեի հարկային եկամուտների փաստացի կատարողականը եղել է 713.3 մլրդ դրամ, որից՝ հարկերից և պետական տուրքերից եկամուտները՝ 552.9 մլրդ, իսկ մաքսատուրքի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի գծով եկամուտները՝ 160.4 մլրդ դրամ։ Մինչդեռ բյուջեով նախատեսված էր, որ հարկերից և պետական տուրքերից եկամուտները կազմելու են 487.4 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի գծով եկամուտները՝ 162.8 մլրդ դրամ։ Ստացվում է, որ հարկերի և պետական տուրքերի եկամուտների մասով ունենք գերակատարում՝ 65.5 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքերի և մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի մասով թերակատարում՝ 2.4 մլրդ դրամ։ Հետևաբար՝ ավտոմեքենաների ներմուծումից ստացված եկամուտները հարկային մուտքերի գերակատարման վրա ազդեցություն չունեն։
Այժմ կառավարության գերխնդիրն այս եկամուտները խելացի և արդյունավետ ծախսելն է: Սակայն ի հակադրություն բյուջեի եկամուտների աճի, ծախսերի թերակատարումն ահռելի է՝ կիսամյակի տվյալներով 20%: Ակնհայտ է, որ կառավարության անդամները, այսպես ասած, չեն հասցնում ՊԵԿ-ի իրենց գործընկերների ետևից: Ծախսերի թերակատարման մեջ շատ կարևոր է կապիտալ ծախսերի ամոթալի ցածր մակարդակը, ինչը տնտեսության զարգացման և բարեփոխումների գլխավոր գրավականն է։
Մոտ 1 ամիս առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ծախսային թերակատարումները հիմնավորեց կոռուպցիոն սողանքները փակվելու հանգամանքով, ինչն, ըստ նրա, վկայում է համակարգի առողջացման մասին: Նա ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց բարձրացնել ընթացիկ կապիտալ ծախսերի արդյունավետությունը և մշակել ծրագրեր՝ «մյուս տարվանից այդ կարգի խնդիրները» բացառելու համար: Այսինքն՝ սեղանին պետք է լինեն պատրաստի ծրագրեր՝ բյուջեում հավելյալ գումար հայտնվելու դեպքում դրանք անմիջապես իրականացնելու համար:
Եթե պետության կողմից կապիտալ ծախսերի բավարար ծավալն ապահովվի տնտեսությունում, ապա դա լրացուցիչ ազդակ կլինի մասնավոր հատվածին՝ նոր ներդրումներ իրականացնելու ուղղությամբ:
