Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունից ծանուցում եմ ստացել, որ ս․թ․ հոկտեմբերի 10-ին հրապարակվելու է Դատարանի վճիռը կամ որոշումը «Դավիթ Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով (գանգատ թիվ 61730/08)։ Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է փաստաբան Շուշանյանը։
«Դավիթ Մաթևոսյանը ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու շինծու մեղադրանքով։ Դատարանները նրա մեղավորությունը ապացուցված էին համարել 2 ոստիկանների կեղծ և հակասական ցուցմունքներով՝ հրաժարվելով լսել անձանց, որոնք Դ․Մաթևոսյանին ձերբակալելու պահին նրա հետ էին եղել և կարող էին հերքել բռնություն կիրառելու մեղադրանքի կեղծ պնդումը։ Եվրոպական դատարանը անդրադառնալու է հարցերի հետևյալ շրջանակին՝
(ա) երաշխավորվե՞լ է արդյոք դիմողի արդար դատաքննության իրավունքը, մասնավորապես, իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունքը
(բ) դիմողի մեղադրանքը և հետագա դատապարտումը հանդիսացե՞լ են արդյոք միջամտություն նրա կարծիք արտահայտելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքներին
(գ) դիմողի հետապնդումը և դատապարտումը չի՞ եղել արդյոք խտրական՝ հիմնված նրա քաղաքական համոզմունքների վրա»,- գրել է Մուշեղ Շուշանյանը։
