Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 28-ամյակի տարելիցին նվիրված միջոցառման բեմադրական հատվածներից մեկը բուռն քննարկումների առիթ դարձավ:Այդ խնդրի առնչությամբ Newarmenia.am-ը զրուցել է նշված հատվածի բեմադրիչ բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ:
— Պարո՛ն Խառատյան, ո՞ւմ կողմից է եղել առաջարկը, որ Ձեր մասնակցությունն ունենաք Անկախության տոնակատարությանը:
— Ինձ Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի տնօրինությունն առաջարկեց իմ ներկայացումներից մեկից մի հատված ներկայացնել: Հետո պարզվեց բեմում ամբողջ նվագախումբն է նստելու և տեղ չի լինելու պարային հատվածի համար: Այնուամնեայնիվ, միջոցառման ռեժիսորը առաջարկեց մասնակցել: Որոշեցի ծես ներկայացնել, որն աղոթքի նման է:
— Ի՞նչ խնդիր էիք դրել Անկախության 28-րդ ամյակի միջոցառման բեմականացումն իրականացնելիս:
— Ինձ ասացին, որ Ա. Հարությունյանի երաժշտությունն է հնչելու, որի ներքո պետք է ինչ որ բան ներկայացնել: Երաժշտությունն ինձ համար որպես ֆոն էր աշխատում, և այնտեղ մի լիրիկական հատված կար, որտեղ էլ ծեսն էի բեմադրել: Ես ոչ թե ծիսական պար եմ բեմադրել, այլ՝ ծես, որում ձեռքերով ցույց էր տրվում յոթ թիվ, հավերժություն. ցանկացել եմ ցույց տալ, որ մենք գալիս ենք պատմությունից, ունենք պատմական անցյալ, արվեստ, որը եղել է հնում, կա այսօր և վաղն է լինելու:
— Այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումները Գյումրիում անցկացվեցին, ի՞նչ խնդիրներ առաջացան, ինչո՞վ էր բացատրվել Գյումրի տեղափոխելու որոշումը:
— Խնդիրներ չեն եղել: Ինձ թվում է շատ լավ որոշում էր, Հայաստանը միայն Երևանը չէ ու այս տարվա տոնակատարությանը բոլոր շրջաններն էին մասնակցում: Գյումրին կարծես մեր հայրենիքի մի ձեռքը լինի, այն ինձ շատ հոգեհարազատ է: Գյումրիում մեծ ծրագիր ենք իրականացնելու. արվեստի կենտրոն ենք հիմնելու, և արդեն մոտ հինգ դասընթաց եմ անցկացրել բալետի առաքելության վերաբերյալ: Գյումրեցիներին պետք է բզել, նրանց մեջ մեծ պոտենցիալ կա, որը պետք է արթնացնել:
— Պարո՛ն Խառատյան, բեմադրության մեջ կային հանրության մեծամասնության կողմից միանշանակ չընկալված բեմադրական կտորներ: Կարծում եմ, դուք էլ կռահեցիք խոսքը որ հատվածների մասին է. երբ բեմ են դուրս գալիս կանացի կիսաշրջազգեստներ հիշեցնող հագուստով բեմական կերպարներ: Մամուլում և սոցիալական ցանցերում այդ տեսարանն ասոցացվել է համասեռամոլության պասիվ քարոզի հետ:
— Հագուստը վերցված է 2015 թվականին իմ բեմադրած «Զույգ արեգակ» բալետից, իսկ կրծքավանդակներին նկարված էր Լճաշենից գտնված 2-րդ հազարամյակի արևի սիմվոլներ: Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ ես պար չեմ բեմադրել․ սա զուտ ծես է, որը հիմնված է հայկական լեռնաշխարհում ստեղծված, պատմությունից եկող սիմվոլների վրա: Հանդերձանքը պայմանավորված է տեղի պատմությամբ: Բալետի դերասանների խնդիրներից է, որ կարողանա մարմնով պատմել ներկայացման հոգևոր, էմոցիոնալ կողմերի մասին: Սա է կարևոր, իսկ հիմա թե ով ինչ կասի… ամոթ է, նույնիսկ տգիտություն: Բալետ գիտե՞ք, որտեղ մերկ չեն: Երբ որ, 2015 թվականին բեմադրեցի «Զույգ արեգակներ»-ը, որը դարձավ տարվա լավագույն ներկայացումն, այդ ժամանակ ոչ ոք չէր ասում մերկ են, մերկ չեն կամ այս ինչեր եք անում: Մեր թագավորները կամ հոգևորականությունը, որ երկար հանդերձանքով են, ի՞նչ է բոլորը համասեռամոլներ են: Սրանք քաղաքական խաղեր են, որ հանրության մի մասը վերցրեց դարձրեց փաթաթան: Ինձ համար սա արժեք չէ, արժեք է այն, որ հանրությունը արթնացավ ու հասկացավ, որ այն առաքելությունը, խաղացանկը, տեսլականը, որը պիտի ունենար օպերային թատրոնն ու գնար առաջ, չի ունեցել, դա բաց է եղել:
— Պարոն Խառատյան, երբ բեմադրում էիք այդ հատվածը, սպասո՞ւմ էիք այսպիսի արձագանք: Ի՞նչ եք ցանկացել փոխանցել լսարանին բեմադրական այդ հատվածով:
— Չէի սպասում, որ նման արձագանք կգտնի, բայց ինձ մի կողմից ուրախացրեց, որ ժողովուրդը հետաքրքրված է, քննարկում է, ինչ-որ բաների հետ համաձայն չէ: Ամեն մարդ պետք է իմանա, որ մենք Նարեկացի ենք ունեցել, դրանից առաջ թագավորներ, որոնք մերկ են եղել, արհեստական մորուք են կպցրել, որ մեռյալների աշխարհից գիտելիքներ քաղեն: Երբ որ սկսում ես քանդել մեր պատմությունը, տեսնում ես ինչ հարուստ ազգ է մեր ազգը, ու այսօր մնացել ենք նեղ, մենակ քոչարի հեյ-հոպ տղերքի մեջ: Ցանկացած զարգացած երկիր պետք է դասական պարարվեստ ունենա: Դասականը հոգևոր արժեքն է, ազգայինը՝ ֆիզիկական: Մեկը մյուսին չի խանգարում, ինչպես որ կա տղամարդ ու կին, սև ու սպիտակ, այսինքն՝ մեկը մյուսին լրացնող գաղափարներ, որ մեկն առանց մյուսի չի կարող լինել: Սա է մեր գաղափարը, որին պետք է ձգտենք:Մեր հասարակությունը պետք է կրթվի, որ հասկանա ուր է տանում, ինչ է ուզում ասել: Մենք խորը շերտեր ունեցող ազգ ենք, շատ բան ունենք ներկայացնելու, ու մեր արժեքները պետք է հասկանա ոչ միայն ներսի հանդիսատեսն, այլև՝ դրսինը:
