Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Foxla լրատվականի հետ հարցազրույցում խոսել է ՀՀ-ում իրականացված թավշյա հեղափոխության, իրականացվող տնտեսական քաղաքականության, Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման, ինչպես նաև ԱՄՆ-ից ստացած տպավորությունների մասին։
Խոսելով թավշյա հեղափոխության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր նպատակը վարչապետ դառնալը չի եղել, այլ ավելի լավ երկիր ունենալը։ «Ես գիտեի, որ կարող եմ նորից հայտնվել բանտում, բայց ինձ համար դա նշանակություն չուներ։ Ես անում էի ամեն ինչ՝ ավելի լավ երկիր ունենալու համար»,- մասնավորապես ասել է վարչապետ Փաշինյանը։
Վարչապետի համոզմամբ՝ տնտեսական հեղափուխություն իրականացնելու կառավարության ծրագրերը շատ լավ են առաջ ընթանում և մենք ունենք շատ լավ տնտեսական աճ։ Նա վստահեցրել է, որ կհաջողենք տնտեսական հեղափոխության հարցում՝ նշելով, որ այդ համոզման է գալիս, հատկապես, երբ տեսնում է մարդկանց արձագանքը կառավարության ուղերձներին։ Ըստ վարչապետ Փաշինյանի՝ շատ կարևոր է իրական երկխոսություն ստեղծել հանրության ու կառավարության միջև, կարևոր է, որ ամեն ոք հասկանա, որ ոչինչ ավելի մեծ փոփոխություններ չի կարող անել, քան յուրաքանչյուրի անհատական ջանքերը, շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ ինքը շատ ուժեղ է։
Հարցին, թե արդյո՞ք ՀՀ քաղաքացին երջանիկ է այսօր՝ վարչապետը պատասխանել է․ «Դուք գիտեք՝ մենք ունենք բավականին բարձր գործազրկության մակարդակ։ Բայց անցած տարվա ընթացքում մենք ունեցանք 75․000 նոր աշխատատեղեր և հիմա մեր աշխատաշուկան բարելավվում է և ունենք բավականին հետաքրքիր ներդրումների աճ, որը կարող է էկոհամակարգն ավելի գրավիչ դարձնել փոքր բիզնեսի համար»։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման վերաբերյալ հարցին, ապա վարչապետն ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է հարցի խաղաղ կարգավորմանը և իր ուղերձն այն է, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ «Ես միակ ՀՀ առաջնորդն եմ, ով ասել է, որ որոշումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար նույնպես, և դրա համար ես քննադատվել եմ ՀՀ-ում։ Ես հիմա սպասում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որպեսզի նա ասի և ընդունի նույն բանաձևը, որ ղարաբաղյան հարցի կարգավորման յուրաքանչյուր որոշում պետք է ընդունելի լինի և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Եթե իմ ադրբեջանցի գործընկերն ընդունի այս բանաձևը, մենք շատ մոտ կլինենք խնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև ասել է, որ մտավախություններ չունի առ այն, որ մարդիկ ավելի անհամբեր կդառնան՝ երկրում չտեսնելով արագ փոփոխություններ։ Վարչապետի խոսքով՝ մենք ունենք շատ տեսանելի արդյունքներ և մարդիկ տեսնում են կառավարության աշխատանքը։
