Չեմ կարծում, որ նպատակահարմարություն կա կամ ճիշտ է, որ Արթուր Վանեցյանի ազատումից հետո ԱԺ պատգամավորը գնահատական տա նրա հայտարարություներին, որովհետև կարծում եմ, որ գործադիրի ղեկավարը սպառիչ պատասխան և արձագանք տվել է կատարված դեպքերին։ Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Հարցին, թե արդյո՞ք տեսնում է Վանեցյանի քայլերում քաղաքական դիրաքավորում կամ հայտ դեպի քաղաքականություն՝ պատգամավորն ասաց․
«Ես կարող եմ ասել, որ պարոն Վանեցյանի խոսքերի և հնչեցրած մտքերի մեջ քաղաքական երանգներ կային, բայց վաղաժամ եմ համարում կանխատեսումներ անել»։
Հարցին, թե ինչ կարծիք ունի Ռոբերտ Քոչարյանի գործի ու դրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին, պատգամավորնը պատասխանեց, որ դատական պրոցեսն ընթանում է իր հունով և ինքը լինելով պատգամավոր և քաղաքական գործիչ, կարծում է, որ իր ցանկացած դրական կամ բացասական կարծիք կարող է դիտարկվել որպես քաղաքական ճնշում։
Անդարադարձ կատարելով նաև ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքերին՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ դրա հետ կապված նախաքննության փուլում պետք է զերծ մնալ ավելորդ մեկնաբանություններից, որպեսզի օբյեկտիվորեն հասկանանք կատարվածը։
«Ես տեղեկացել եմ կատարվածի մասին մամուլից, բայց նաև հասկանում եմ, որ «Մարտի 1»-ի գործով լինելով առանցքային վկաներից մեկը, Հայկ Հարությունյանի վկայությունը և հետագայում դատաքննության պրոցեսում իր ներգրավվածությունը, կարող էր լույս սփռել ամենի վրա։ Այս մասով կարող եմ հստակեցնել մեկ հանգամանք, որ այսօրվա դրությամբ պետությունը և գործող իշխանությունը պետք է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկի վկաների պաշտպանության գործում և այդ ինստիտուտը, որը Հայաստանում ըստ իս բավականին թերի է գործում, պետք է զարգացնել։ Ոովհետև հաշվի առնելով այս դեպքը և հաշվի առնելով, որ նախկինում էլ նման ձեռագիր եղել է, սա ևս մեկ անգամ զգոնության առիթ է բոլորիս համար։ Իհարկե, շատ ցավում եմ կատարվածի համար՝ անկախ դրդապատճառներից, բայց ես վստահ եմ, որ իրավապահ մարմինները շատ արագ կկարողանան բոլոր հիմքերը բացահայտել»,- ասաց պատգմավորը։
Վերջինս նշեց, որ, ինչքանով տեղյակ է, արդեն տեսախցիկներից որոշակի նյութեր առգրավվել են և նա հույս հայտնեց, որ լույս կսփռվի և այդ ամենի ներքո իրենք կկարողանան որևէ կերպ մեկնաբանել կամ գնահատել կատարվածը։
