Վարշավան Բեռլինից 850 միլիարդ դոլար փոխհատուցում է պահանջում: Լեհաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում պատմել են, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական Գերմանիայի հարձակման համար փոխհատուցման հարցը մշտապես տարբեր մակարդակներում բարձրացվելու է լեհական կողմից:
Հակադարձելով լեհական կողմին՝ «Известия» թերթի թղթակցին ԳԴՀ արտգործնախարարությունում ասել են, որ փոխհատուցումների վերաբերյալ հարցը համարում են փակված, քանի որ 1954 թվականին Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը և Լեհաստանի Ժողովրդական Հանրապետությունը ստորագրել են փոխադարձ պահանջներից հրաժարվելու մասին պայմանագիր: Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ-ն նշել է, որ գերմանական ժողովուրդը միշտ կհիշի նացիստների ռեժիմի չարագործությունների մասին և դրանք կդատապարտի:
Բայց Վարշավան չի ճանաչում նախկին պայմանավորվածությունները՝ պնդելով, որ դրանք ստորագրվել են Մոսկվայի ճնշման տակ, իսկ լեհ ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվել:
Երկու դիվանագիտական գերատեսչությունների վեճը մեկնաբանել է նաև Բունդեսթագի միջազգային կոմիտեի նախագահ Վալդեմար Հերդտը: Նա նշել է, որ նախկին պայմանավորվածությունների վերանայումը հղի է նաև Լեհաստանի սահմանների վերանայումով, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով նրան է անցել ավելի քան 114 հազար քառակուսի մետր գերմանական տարածք:
Փոխհատուցման թեման սկսեց ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ 2015 թվականին երկրում իշխանության եկավ Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» պահպանողական կուսակցությունը:
Ի դեպ, Լեհաստանի փոխարտգործնախարարը զոհերի թվում ներառում է նաև երեք միլիոն լեհական հրեաներին, քանի որ նրանք Լեհաստանի քաղաքացի էին, ինչպես նաև նշում է անհավանական նյութական կորուստները, քանի որ այդ օկուպացիան տևել է վեց տարի: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Լեհաստանի ընդհանուր մարդկային կորուստները պատերազմի ընթացքում կազմել են 5,9 միլիոն մարդ (բնակչության գրեթե 17%-ը), իսկ, օրինակ, ԽՍՀՄ-ինը՝ 26,6 միլիոն մարդ (բնակչության մոտ 10%-ը):
