Սաուդյան Արաբիայի Թագավորության թագաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերի հետ: Ինչպես հաղորդում է ԱՄԷ-ում տեղակայված արաբալեզու «Al Arabia» լրատվական հեռուստակայանը, զրույցի ժամանակ կողմերը քննարկել են թագավորությունում ամերիկյան պաշտպանական զորքերի տեղակայման հնարավորությունը:
Արքայազնը նշել է, որ «ARAMCO»-ի նավթային օբյեկտների վրա վերջերս իրականացրած հարձակումը դարձել է «կոնֆլիկտի էսկալացիայի վտանգավոր դրսևորում»: Նա նաև հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է որդեգրի կոշտ դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ՝ միջազգային խաղաղությունը և անվտանգությունն ապահովելու համար:
«REGNUM»-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախարարը, իր հերթին, հաստատել է Վաշինգտոնի մտադրությունը՝ անել ամեն անհրաժեշտը, որպեսզի ապահովվի Սաուդյան Արաբիայի անվտանգությունը: Էսպերն ընդգծել է, որ Իրանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, «պետք է զսպվի»:
