Հոկտեմբերի 1-ին Հայաստանում մեկնարկում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ԵԱՏՄ անդամ չորս երկրների նախագահներն, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահը, Սինգապուրի վարչապետն ու Իրանի նախագահը:
Նկատենք, որ այս գագաթնաժողովն առանձնանում է ԵԱՏՄ պատմության մեջ տեղի ունեցած նմանատիպ միջոցառումներից իր մասնակիցների նման բարձր մակարդակով: Հատկանշական է, որ այն տեղի է ունենում Երևանում, իսկ այդ հանգամանքը ՀՀ-ին՝ որպես հյուրընկալող կողմ, փոքր-ինչ ավելի շահեկան պայմաններում է դնում ԵԱՏՄ գործընկեր երկրների հետ հարաբերություններում:
Այս առումով առանձնակի կարևոր է այն հանգամանքը, որ Իրանում սույն թվականի հոկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը, իսկ Իրանի հետ ԵԱՏՄ անդամ երկրներից ցամաքային սահման ունի միայն Հայաստանը: Դա հնարավորություն է ստեղծում, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի միջև առևտրաշրջանառությունն ու համատեղ պրոյեկտները կազմակերպվեն հենց Հայաստանի տարածքում:
Մեկ այլ հետաքրքրական հանգամանք՝ տարածաշրջանային քաղաքականության համատեքստում. զարգացնելով հարաբերությունները ԵԱՏՄ երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ, Իրանի համար՝ որպես գործընկեր պետություն, Հայաստանի դիրքերն ավելի կամրանան: Դա կնպաստի, որ Հայաստանն առաջ անցնի Ադրբեջանից Իրանի հետ համատեղ, մրցակից նախագծերի կազմակերպման հարթությունում:
Ուշագրավ են նաև Սինգապուրի հետ հարաբերությունները, որոնք Հայաստանը փորձում է զարգացնել դեռևս 2000-ականների կեսերից: Իսկ 2019-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանի՝ Սինգապուր կատարած այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի և Սինգապուրի զբոսաշրջության խորհրդի միջև ստորագրվել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր:
Այսպիսով հատկապես Հայաստանի Հանրապետության համար հոկտեմբերյան գագաթնաժողովը սպասվում է լինել արդեն առկա նախաձեռնությունների շարունակականությունն ապահովող գործընթաց, ինչպես նաև պարունակում է խորհրդանշական իմաստ՝ որպես ԵԱՏՄ աննախադեպ բարձր մակարդակի միջոցառում, որն անցկացվում է Երևանում:
