«Աննախադեպ միջոցառում է նախատեսվում ու շատ կարևոր է, որպեսզի ամենաբարձր մակարդակով տարբեր երկրների ղեկավարներ մասնակցություն ունենան»,- newarmenia.am-ի հետ զրույցում, խոսելով Հոկտեմբերի 1-ին Հայաստանում մեկնարկող ԵԱՏՄ գագաթնաժողովի մասին՝ ասաց «Օրբելի» կենտրոնի փորձագետ Կարեն Վերանյանը։
Տեղեկացնենք, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ԵԱՏՄ անդամ չորս երկրների նախագահներն, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահը, Սինգապուրի վարչապետն ու Իրանի նախագահը:
«Սա խոսում է այն մասին, որ ընդհանուր առմամբ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացները բավականին բարձր մակարդակի վրա են փորձում անցկացնել։ Իհարկե ողջունելի է և այս տեսանկյունից շատ կարևոր է, որ այդ միջոցառումն իրականացնում է հենց Հայաստանը։ Եվ շատ կարևոր է, որ տեղեկատվական դաշտում այդ հոսքերն անպայման հնարավորինս մեծ շրջանառություն գտնեն, որ նման խոշոր միջոցառումն իրականացվում է հենց Հայաստանում։ Սա շատ կարևոր է նաև Հայաստանի տարածաշրջանային հեղինակության և միջազգային կշռի բարձրացման տեսանկյունից այն համատեքստում, որ Հայաստանը փորձ է կատարում հանդիսանալու ինտեգրացիոն կարևոր օղակ, հարթակ, որտեղ կարող են ներգրավվել ոչ միայն ԵԱՏՄ անդամ երկրները, այլև այն պետությունները, որոնք ցանկություն են հայտնում ԵԱՏՄ-ի հետ առարկայական ինտեգրացիոն երկխոսության հարթակ ստեղծել»,- ասաց Կարեն Վերանյանը։
Նրա խոսքով՝ այս տեսակետից շատ կարևոր է հենց Իրանը, որը նախորդ տարի ԵԱՏՄ-ի հետ ազատ տնտեսական գոտու մասին պայմանագիր է ստորագրել։ Փորձագետը կարևորեց նաև Սինգապուրի մասնակցությունը, որը նույնպես, որոշակի առարկայական քայլեր անում է ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվելու համար։
«Շատ առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար նաև չինական վեկտորը՝մեկ գոտի-մեկ ճանապարհ ռազմավարական նախաձեռնության համատեքստում։ Գիտեք, որ նախորդ տարի Չինաստանը ԵԱՏՄ-ի հետ նույնպես ազատ առևտրի մասին պայմանագիր է ստորագրել և արդեն վավերացրել է։ Այսինքն՝ այս գործընթացներն էական նշանակություն ունեն Հայաստանի համար, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ինգտեգրացիոն տեսանկյունից»,- ասաց Կարեն Վերանյանը։
Խոսելով նաև այս գործընթացում Հայաստանի նոր իշխանության ներդրման մասին՝ փորձագետն ասաց, որ իշխանափոխությունց հետո Հայաստանի նկատմամբ ուշադրությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջազգային հարաբերություններում, բավականին մեծացել է, թե՛ Արևմուտքի կողմից, թե՛ Ռուսաստանի կողմից և թե այլ երկրների, որոնք կարող են լինել ԵԱՏՄ անդամ երկներ և ոչ ԵԱՏՄ անդամ երկրներ։
«Ընդհանուր նկատվում է Հայաստանի նկատմամբ հետաքրքրվածություն։ Դա կարող է լինել, թե՛ տնտեսական, առևտրատնտեսական ոլորտում, թե՛ քաղաքական զարգացումների տեսանկյունից։ Քանի որ իշխանության փոփոխություն է տեղի ունեցել, սա նշանակում է, որ իր հետ բերում է նոր հնարավորություններ, թե Հայաստանի համար, թե՛ այլ երկրների ղեկավարների համար, որոնք ցանկանում են այդ հնարավորությունն օգտագործել՝ ի նպաստ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում առհասարակ իրենց դերի մեծացման, շահերի ներգրավվածության խորացման ուղղությամբ»,- նշեց Կարեն Վերանյանը։
Փորձագետի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանն ինքը կարողանա օգտագործել հեղափոխական այս շարժումն, ինչպես ԵԱՏՄ գործընթացներում իր դերը և կշիռը մեծացնելու առումով, այնպես էլ միջազգային հանրության և տարածաշրջանի այլ երկրների կողմից այդ ուշադրությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու և դրանից շոշափելի արդյունքներ ստանալու տեսանկյունից։
