Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու որոշումն օրինական է։
Այսօր մարզպետարանում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա բոլորին՝ լրագրողներին ու մարզպետարանում ակցիա իրականացնողներին, ցույց տվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի որոշումը։
«Սա նախարար Սուրեն Պապիկյանի ինձ հասցեագրված որոշումն է, սա սեպտեմբերի 27-ին իմ կողմից արձակված կարգադրությունն է, որով ես նշանակել եմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,- փաստաթղթերը ցույց տալով ասաց Գարիկ Սարգսյանը։
Մարզպետի խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի ու իրավազորության պայմաններում։ «Օրենքի ուժով համայնքի լիազորությունները դադարեցվել են, ավագանին ընդամենն արձանագրել է այդ փաստը։ Բոլոր փաստերն ունենք, մենք մեր ուսումնասիրությունները փաթեթով ներկայացրել ենք լիազոր մարմնին, իսկ նախարարությունը համակողմանի նայել ու որոշում է կայացրել »,-ընդգծեց Գարիկ Սարգսյանը՝ հորդորելով դեմ լինողներին հարցը վիճարկել դատարանում։
Նշենք, որ այսօր Արարատի մարզի Նորաշեն համայնքում և Արարատի մարզպետարանում բողոքի ակցիաներ են։
Հիշեցնենք, որ Արարատի մարզետարանը հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի և համայնքի մի շարք բնակիչների կողմից այսօր իրականացված բողոքի ակցիայի ընթացքում մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներին ի պատասխան տեղեկացնում ենք, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից՝ ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, հետևաբար Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի:
