Երևանում մեկնարկած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առաջնորդների հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհում, և դա պատահական չէ: Հայաստանի մայրաքաղաքում հավաքվել են ոչ միայն Միության անդամ երկրների առաջնորդները: Այս մասին փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, որի ղեկավարած երկիրն անցած տարի ստացել է ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակ: Նախօրոք Հայաստան են ժամանել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունը և Իրանի ղեկավար Հասան Ռոհանին: Երևանի գագաթնաժողովի նկատմամբ ուշադրությունը պայմանավորված է նաև մեկ այլ հանգամանքով. ԵԱՏՄ-ն շուտով կդառնա հինգ տարեկան,- գրել է կայքը:
Երևանում առանձնակի հետաքրքրությամբ էին սպասում Ռուսաստանի առաջնորդին, որի նախորդ այցը կայացել էր 2016 թվականին, երբ նա մասնակցել էր Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին: Այդ ընթացքում տեղի էր ունեցել թավշյա հեղափոխություն, փոխվել էր իշխանությունը, իսկ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների բոլոր երկկողմանի հանդիպումները տեղի էին ունեցել կամ Մոսկվայում, կամ միջազգային հարթակներում: Այդ իսկ պատճառով Պուտինի այցին սպասում էին և քաղաքական էլիտան, և հասարակ մարդիկ, որոնց համար համագործակցությունը Ռուսաստանի հետ անչափ կարևոր է: Չնայած այցը պայմանավորված է ԵԱՏՄ-ի բարձրագույն տնտեսական խորհրդի աշխատանքին մասնակցելու հանգամանքով, սակայն Պուտինը կանցկացնի նաև երկկողմ հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Կայքի փոխանցմամբ՝ Երևանում կարևոր հյուր է Սինգապուրի վարչապետը, որը ժամանել է նիստից երեք օր առաջ: Ընդ որում, սա առաջին պաշտոնական այցն է Հայաստան, և, բացի հայ գործընկերների հետ հանդիպումները, նա ներկա է գտնվելու ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին Համաձայնագրի ստորագրմանը: Համաձայնագիրը կընդգրկի յոթ պայմանագիր, ինչն այն դարձնում է եզակի: Հայաստանի և Սինգապուրի առաջնորդները կստորագրեն նաև հինգ երկկողմանի համաձայնագիր ներդրումների և առևտրային ծառայությունների մասին:
Հիշեցնենք, որ սա Սինգապուրի վարչապետի պատասխան այցն է, Նիկոլ Փաշինյանը հուլիսին այցելել էր Սինգապուր, և կողմերը ստորագրել էին զբոսաշրջության, հարկման, մշակույթի և արվեստի, կադրերի պատրաստման բնագավառներում համագործակցության պայմանագրեր:
