Ռուսաստանի և Սիրիայի համակարգող շտաբերը պահանջում են «ԱՄՆ-ից լքել Սիրիայի բռնազավթած տարածքը», քանի որ ԱՄՆ զորքերի հրամանատարությունն Էտ-Տանֆ գոտում ի վիճակի չէ ապահովել ՄԱԿ-ի օպերատիվ պլանն իրականացնելու վերաբերյալ իր վրա վերցրած պարտավորությունները: Այս մասին, «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշվում է ՌԴ և ՍԱՀ միջգերատեսչական համակարգող շտաբերի համատեղ հայտարարության մեջ:
Բանն այն է, որ «Ռուքբան» ճամբարը գտնվում է ամերիկյան ռազմական բազայի 55 կիլոմետրանոց գոտու շուրջ (Սիրիայի` Հորդանանի հետ սահմանին), որը վերահսկում են ամերիկյան զինվորականները: Ռուս զինվորականները, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳՆ ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրադրությունը ճամբարում մոտ է հումանիտար աղետին: Ուստի ամերիկացիները պետք է հեռանան և պաշտոնական սիրիական կառավարությանը հնարավորություն տան հաստատելու սահմանադրական կարգը և մաքրելու տվյալ շրջանը ահաբեկիչներից:
Կողմերը դիմել են նաև Սիրիայում հումանիտար հարցերի համար պատասխանատու ՄԱԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչներին` խնդրելով գնահատական տալ ԱՄՆ-ի գործողություններին:
Նրանք համոզված են, որ Սիրիայի վերականգնման միակ ճանապարհը ահաբեկչության վերջնական ոչնչացումն է, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ապօրինի բռնազավթած տարածքների ազատագրումը և սիրիացիների վերադարձը հարազատ վայրեր:
