26.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » «ԵԱՏՄ բոլոր օղակների միջև սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը». Երևանում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը
Քաղաքականություն

«ԵԱՏՄ բոլոր օղակների միջև սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց ընդլայնել Միության համագործակցության աշխարհագրությունը». Երևանում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։

Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Արարողակարգային ձեռքսեղմումից և տեսանկարահանումից հետո տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։

Բացելով նեղ կազմով նիստի աշխատանքները՝ Հայաստանի վարչապետը նշել է.

«Հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան։ Ուրախ եմ ողջունել ձեզ Բարձրագույն  Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Հայաստանի համար սա նշանակալի իրադարձություն է։ Մենք ուրախ ենք Երևանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, մեր կազմակերպության բարձրագույն մարմնի նիստն անցկացնելու և դրանով իսկ մեր հերթական ներդրումը մեր ինտեգրացիայի հետագա խորացման գործում ունենալու հնարավորության համար։ Ինչպես բազմիցս նշել եմ, մենք մտադիր ենք առավելագույնս արդյունավետ մասնակցություն ունենալ ԵԱՏՄ-ում՝ միաժամանակ ջանքեր գործադրելով համագործակցության մեխանիզմների կատարելագործման և ինտեգրացիոն տարածքի արդյունավետ գործունեության ուղղությամբ։ Մինչ օրակարգային հարցերի քննարկումը ցանկանում եմ նշել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ այդ նիստին, ինչպես գիտեք, մասնակցելու են երկու երկրների՝ Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ մեր Միությունը զարգացնում է առևտրատնտեսական հարաբերություններն ազատ առևտրի ռեժիմի հաստատման ուղղությամբ։ Մեր կազմակերպության բոլոր օղակների միջև սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց էլ ավելի ընդլայնել Միության համագործակցության  աշխարհագրությունը, ինչի շնորհիվ այսօրվա հանդիպումն առանձնահատուկ նշանակություն է ստանում։ Մաղթում եմ մեզ բեղմնավոր աշխատանք»։

Նեղ կազմով նիստի շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական ֆորումի ընթացքի և դրա շրջանակում քննարկումների վերաբերյալ, քննարկել ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի վճարների բաշխման կարգավորումներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի գործունեությանը վերաբերող հարցեր։

Այնուհետև կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստը, որին, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներից բացի, մասնակցել են նաև Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին և Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Նիստում քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև ֆինանսատնտեսական, մաքսային ոլորտներում փոխգործակցության զարգացման, ԵԱՏՄ միջազգային համագործակցության խորացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Ի գիտություն է ընդունվել ԵԱՏՄ 2018 թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, քննարկվել է Միության 2020 թ. բյուջեն։ Քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ԵԱՏՄ 2020 թ. միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, Միության անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցը,  հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների՝ Միության բյուջեում բաժնեմասերի վճարումները կատարելու մասով պարտքերի մարման կարգը, ԵԱՏՄ դատարան դիմելու ժամանակ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող տուրքի չափը։ Նիստում ստորագրվել են մի շարք աշխատանքային փաստաթղթեր՝ մասնավորապես, ԵԱՏՄ Ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի կանոնակարգում, Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի 2014 թ. համապատասխան որոշման մեջ, ԵԱՏՄ՝ 2014 թ. մայիսի 29-ին պայմանագրում, ԵԱՏՀ աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ և այլն:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները որոշում են ընդունել՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում:

Բեռնում.....