«Սա սադրիչ հարց էր, որի նպատակն էր աղմուկ բարձրացնել և Վրաստանում այս ամենն իրենց օգտին ներկայացնել, ինչից իրենք օգտվեցին և իմ կարծիքով բավականին հօգուտ իրենց ներկայացվեց այս ամենը»,- newarmenia.am-ի հետ զրույցում, խոսելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի հարցի մասին՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։
Հիշեցնենք, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողը Երևանում Վլադիմիր Պուտինին հարց էր ուղղել Հարավային Օսեթիայի տարածքների առնչությամբ՝ անվանելով դրանք օկուպացված:
Փորձագետի խոսքով՝ «Ռուսթավի 2»-ն ընդդիմադիր հեռուստաընկերություն է, չնայած որ սեփականատերը փոխվեց, իրենք շարունակում են այդ դիրքորուշումը պահպանել և աշխատել այդ ուղղությամբ։
Նա նաև նշեց, որ այլ հարց կար, որ երբ նախկին թիմն ստիպված եղավ լքել հեռուստաընկերությունը և դատից հետո նոր ալիք ստեղծեցին և քանի որ «Ռուսթավի 2»-ն այս տարիների ընթացքում ռեյտինգային հայտնի և գովազդի վրա բավականին լուրջ փողեր էր աշխատում, կարիք կար այդ հեղինակությունը և լսարանը պահելու։
«Հիմա այսօրվա դրությամբ, դադարից հետո լուրերի թիմը շարունակել է աշխատել և այդ քայլը ես կապում եմ նաև իրենց ներքին պայքարի հետ։ Հարցը նրանում էր, որ այս քայլով իրենք մի քանի կարծրատիպ էին ջարդում, քանի որ սեփականատերն ուներ իշխանությունների աջակցությունը և երբ որ ինքը հեռուստաընկերությունը վերցրեց այս ալիքը դառնալու էր պրոիշխանական, դա էդ կարծրատիպն էր, կարծում եմ, փորձում ջարդել: Երկրորդ կարծրատիպը, քանի որ Սահալաշվիլու թիմակիցները և այն մարդիկ, որոնք լքեցին հեռուստաընկերությունը նրանք իշխանություններին պրոռուսական էին կոչում և Ռուսաստանի հետ էին փորձում կապել, նաև այս հարց տալը ցույց էր տալիս, որ իրենք, վրացական շահերից ելնելով, հարց են տալիս Ռուսաստանի նախագահին և այս ամենը սիրուն փաթեթավորվեց և ռեպորտաժով դուրս եկավ»,- անդրադառնալով նշված հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի հնարավոր մոտիվներին՝ ասաց փորձագետը։
Նա նաև նշեց, որ երբ պաշտոնապես հաստատվեց, որ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է այս միջոցառմանը, իրենք այդ ժամանակ արդեն որոշել էին, որ պիտի գրանցվեին և իրենց լրագրողներին ուղարկեին, որ կարողանային հարցեր ուղղել Վլադիմիր Պուտինին։
Ըստ Ջոնի Մելիքյանի՝ այլ կերպ պատկերացնելը դժվար կլիներ, թե էլ որտեղ իրենք կարող էին հնարավորություն ստանալ Ռուսաստանի նախագահին հարցեր տալու։ Փորձագետի կարծիքով՝ այս միջադեպը և այդ քայլերը իրենց ներքին պայքարի հետ են կախված, իրենց անունը ինչ-որ ձևով մաքրելու հետ, որ ցույց տան, որ թեև սեփականատերը փոխվել է և իրենց ինչ-ինչ իշխանական ուժերի հետ են կապում, բայց խմբագրական քաղաքականությունը մնացել է նույնը և իրենք փորձում են որպես ընդդիմադիր աշխատել և այլն։
«Առաջին հարցը հնչեց՝ ե՞րբ է Ռուսաստանը կատարելու պարտավարությունները, որ ստանձնել է 2008 թվականին, որին Ռուսաստանի նախագահը պատասխանեց, որ Ռուսաստանը միշտ էլ կատարել է բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է։ Երբ որ դրանից հետո հնչեց արդեն օկուպացիայի մասին այդ տեքստը և զորքերի դուրսբերման մասին հարցը, պարզ է, որ Վրաստանը ճանաչում է Ռուսաստանին որպես օկուպանտ երկիր և տարածքային ամբողջականությունը Վրաստանում հարցի տակ չի դրվում, ուստի՝ լիներ Երևանում, թե լիներ ուրիշ մայրաքաղաքում այսպիսի հարց, եթե լիներ հնարավորություն կհնչեր։ Եվ նույնիսկ ռեպորտաժում լրագրողն ասաց, որ մենք դեռևս այստեղ ենք և եթե լինի ևս մեկ հնարավորություն կփորձենք Ռուսաստանի նախագահին այլ հարցեր ևս ուղղել»,- ասաց փորձագետը։
