ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ ինքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցը։
Նա ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում, նշեց, որ ինքը Փաշինյանի հետ հաճախ է հանդիպում, սակայն քննարկումների թեման ներդրումներն են լինում։ «Մենք պարոն Փաշինյանի հետ հաճախակի ենք հանդիպում, բայց հիմնական ներդրումների հետ կապված հարցեր ենք քննարկում, քաղաքական հարցերով երբեք ու երբեք չենք հանդիպել և տվյալ թեման էլ չենք քննարկել, միայն ներդրումների և տնտեսության զարգացման թեմաներ ենք քննարկում», ֊ ասաց նա։
Խոսելով «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված նախագծից՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հետ, ասաց, թե խմբակցության ներսում քննարկել են այդ նախագիծը, հիմնավորումները շատ թույլ են, որոշել են չմասնակցել քվեարկությանը: «Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ որոշումը չի, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է: Հիմնական դրույթները շատ թերի են, թույլ են, կա ժամկետների խախտում»,- շարունակեց նա։
