Մենք մեր փորձագետների հետ քննարկեցինք, իրավաբան պատգամավորներով ուսումնասիրեցինք ու այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն։
Այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն մասնակցելու «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին։ Նրա խոսքով՝ նպատակահարմար չեն գտնում մասնակցել մի գործընթացի, որի իրավական հեռանկարը հասկանալի չէ։
«Դուք շատ լավ գիտեք, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ այդ որոշումը կայացնում է ՍԴ֊ն, այսինքն՝ ԱԺ֊ն կամ կամ ԱԺ որևէ խմբակցություն չի որոշում ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելը։ Այսինքն՝ այստեղ որևէ քաղաքական ենթատեքստ, ինչ֊որ թելեր չկան։ Մենք թելերով չենք ղեկավարվում, մենք ղեկավարվում ենք ճշմարիտ գաղափարներով»,֊ ասաց նա։
Պետրոսյանը խուսափում է ասել, թե նախագծում որևէ իրավական հիմնավորում չկա, քանի որ այդ կերպ կհեգնի նախագիծը կազմած իրավաբաններին.«Բայց առկա հիմնավորումները մեզ համար համոզիչ չեն եղել»,֊շարունակեց Պետրոսյանը։
Պատգամավորը շեշտեց, թե իրենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չունեն։ «ՍԴ նախագահին պաշտպանելու խնդիր մենք չունենք, եթե ունենայինք, ապա համարձակություն կունենայինք ասել։ Բայց այստեղ անձերի խնդիր չկա, սա ինստիտուցիոնալ խնդիր է։ Պետք իրավական հեռանկարը կանխատեսելի լինի»,֊ եզրափակեց Գևորգ Պետրոսյանը։
