Ես փետրվարին խոսել եմ սրա մասին և հայտնել եմ այն, ինչ կասեմ հիմա, որ ինձ հայտնի տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի նրանք տան իրավական գնահատական:
Այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, որ «Արսեն Թորոսյանը տվել է կեղծ ցուցմունք»:
«Եթե կա գործում որևէ հիմք ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրելու, կամ մեղադրանքը հանելու, կամ գնահատական տալու գործողություններին, ապա դրանով զբաղվում են համապատասխան մարմինները: Ես չեմ ուզում մտնել այդ քրեադատավարական գործընթացների մեջ: Ինչ վերաբերում է իմ կողմից կեղծ ցուցմունք տալուն, ես կարծում եմ, որ կարելի է իմ տված ցուցմունքները կա՛մ ստուգել, կա՛մ եթե վստահ են, որ ես կեղծ ցուցմունք եմ տվել, դրան նորից տան իրավական գնահատական՝ մեր երկրի օրենքներով նախատեսված իրավական պրոցեսներով»,֊ մանրամասնեց Արսեն Թորոսյանը։
Ինչ վերաբերում Սանասարյանի հայտարարությանը, թե իր մոտ տպավորություն է ստողծվել, որ Թորոսյանի և Ադյանի ցուցմունքները մի սենյակում են գրվել, քանի ոի փոխլրացնող են, Թորոսյանն ասաց. «Ազգանունն ի՞նչ ասիք, Ադյա՞ն, ես էդ մարդուն անձամբ չեմ ճանաչում: Ես տեղյակ չեմ, թե նա ինչ ցուցմունք է տվել: Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը: Եթե որևէ գործողության կամ որևէ հայտնի ինֆորմացիայի մասին տվել են նմանատիպ ցուցմունքներ, դա նույնպես հիմք է գործը քննող մարմինների կողմից հաշվի առնելու ապագայում իրենց որոշումները կայացնելիս»:
Նախարարը, խոսելով այն մասին, որ իր կողմից ներկայացված փաստերը չի ապացուցվել, նշեց, թե ապացուցելն իրավապահների խնդիրն է։ «Դա իմ խնդիրը չի, եթե ես ինձ հայտնի տեղեկատվություն եմ ներկայացրել, ապա ապացուցման բեռը իրավապահ մարմիների վրա է եւ ոչ թե իմ»,֊ շարունակեց նա։
Հարցին՝ մտավախություն չունեի, որ կարող է իր ցուցմունքները ստուգվեն և ոչ հավաստի տեղեկություններ հայտնաբերեն, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Ոչ թե մտավախություն չունեմ, դա նորմալ գործընթաց է, որ ցանկացած իրավական պրոցեսի ժամանակ տեղեկատվությունը բազմակողմանի պետք է ստուգվի: Իմ ցուցմունքները կեղծ չեն եւ հիմնված են միայն իմ կողմից տիրապետած ինֆորմացիայի վրա»:
Նախարարը պատասխանեց նաև այն հարցին, եթե իրավապահ մարմինները ապացուցեն, որ Դավիթ Սանասարյանն անմեղ է, արդյո՞ք հրաժարակա կտա։
«Այսինքն՝ դրա հիման վրա հրաժարակա՞ն տամ: Հրաժարականի մասին հետևություններ անում եմ ամեն օր, չեմ սպասի իրեն»:
