12.1 C
Yerevan
17 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 16.05.2023
Գլխավոր » «Տեղական օրենսդրության և ԵԱՏՄ նորմատիվային ակտերի հակասությունները շատ են, որը խանգարում է ինտեգրմանը». Վահագն Խաչատրյան
Տնտեսություն և Բիզնես

«Տեղական օրենսդրության և ԵԱՏՄ նորմատիվային ակտերի հակասությունները շատ են, որը խանգարում է ինտեգրմանը». Վահագն Խաչատրյան

ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում տնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ Newarmenia.am-ը զրուցեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:

— Պարոն Խաչատրյան, Երևանում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, ի թիվս այլ փաստաթղթերի, ստորագրվեց նաև Հայաստանի և Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր։ Սա ի՞նչ արդյունք կարող է ապահովել Հայաստանի համար:

— Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սինգապուրի վարչապետի այցը պաշտոնական էր, նաև թե ինչ ճանապարհ է անցել Սինգապուրը՝ որպես պետություն, 60-ական թվականներից ի վեր՝ այժմ մենք, փաստորեն, հնարավորություն ենք ստանում Սինգապուրի հետ նաև ազատ առևտրի ռեժիմով աշխատելու: Դրա հնարավորությունները մեծ են, բայց թե կոնկրետ ինչում են կայանում, դեռևս պարզ չի: Սակայն համոզված եմ, որ մենք հնարավորություններ ունենք Սինգապուրի նման երկրի պոտենցիալն օգտագործելու, թեև այդ շուկան, թերևս, դեռ ամբողջական ուսումնասիրված չի և այդ շուկայի պահանջները մինչև վերջ մեզ մոտ ներկայացված չեն: Այս պայմանավորվածությունները, միգուցե, սկիզբ կհանդիսանան, որ ավելի ակտիվանան հարաբերությունները՝ դիվանագիտական, առևտրային ներկայացուցչություններ ունենալով,  որոնց միջոցով երկու երկրներն ավելի ներկայանալի կդառնան բնակիչներին և բիզնես շրջանակներին: Հաշվի առնելով Սինգապուրի դերը տարածաշրջանում, իր հնարավորությունները, կարևոր եմ համարում այս համաձայնագրի ստորագրումը: Ի՞նչ ի նկատի ունեմ. շատ դեպքերում մենք մեծ ծրագրերի մասին ենք մտածում, ինչը բնական է, բայց մոռանում ենք, որ ինչ-որ մի փոքրիկ ծրագիր մի առանձին երկրի հետ հարաբերություններում կարող է շատ ավելի մեծ պոտենցիալ ունենալ: Այդ առումով Սինգապուրը կարող է մեզ համար նորություն լինեն:

Նաև երկրորդ կարևոր հանգամանքը՝ Սինգապուրն օրինակ է, թե ինչպես մի երկիր քաղաքական կամք, ձգտում ու ցանկություն ունեցավ աղքատագույն վիճակից դառնալ ժամանակակից զարգացած երկիր և տարածաշրջանում իր ուրույն տեղն ունենալ՝ որպես ֆինանսական կենտրոն, որպես նավահանգիստ, որպես երկու օվիկիանոսները միացնող ճանապարհային կարևորագույն կետերից մեկը, որը թեկուզ քաղաքական առումով դիկտատորական կամ ավտորիտար համակարգ ունենալով, բայց լայն տնտեսական ազատություն ունեցող երկիր է, վերջին 20 տարիներին աշխարհում առաջին կամ երկրորդ տեղն է գրավում տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների մեջ: Այսինքն՝ այս երկուսի համատեղումն է ապահովում: Մենք էլ ավելի մեծ հնարավորություն ունենք, ժողովրդավարական ազատ քաղաքական համակարգ ունենալով, ազատ տնտեսական համակագ ունենալ և, այս երկուսը համատեղելով, նույն զարգացումն ունենալ, ինչ Սինգապուրը: Մեր երկու երկրների սկզբնակետը համարվել է կոռուպցիան: Սինգապուրի պատմությունը շատ հետաքրքիր է, որ ոչ մեկին չեն խնայել՝ բարեկամ, ընկեր, ազգական, բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, կոռուպցիան անընդունելի է, և մինչև հիմա այդ սկզբունքները պահում են: Նույն այդ սկզբունքները ՀՀ գործող կառավարությունն է ուղենիշ վերցրել և պետք է ապահովի դրանց իրականացումը, և մենք էլ, որպես ՀՀ քաղաքացիներ, պետք  սովորենք, որ դա կյանքի նորմ է դառնալու: Համոզված եմ, որ եթե դա եղավ, որոշ ժամանակ անց մենք կարող ենք ասել, որ մենք Սինգապուրի նման ենք և հիմնական ճանապարհը նույնն է:

— Ընդհանուր ԵԱՏՄ գագաթնաժողովից ի՞նչ արդյունքներ կարձանագրեք, և ինչպե՞ս կգնահատեք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի քննադատությունը, որ ԵԱՏՄ-ի տարանցիկ ներուժը սպանվում է։

— Դա տեղին քննադատություն էր, որովհետև այն երկրները, որ միացել էին, լրիվ այլ պատկերացումներ ունեին, առավել ևս՝ Հայաստանը մնացած երկրներից տարբերվում է նրանով, որ կղզիացած է, և գոնե ապրանքների, մարդկանց տեղաշարժվելու ազատություն պետք է ստանար, բայց պարզվում է՝ անընդհատ խնդիրների մեջ ենք ընկնում, օրինակ՝ վերջին խնդիրները Լարսում, կամ՝ Ռուսաստանում վարորդական վկայականների հետ կապված մեր քաղաքացիների խնդիրները, կամ՝ ապրանքներ ենք արտահանում, որ ԵԱՏՄ ընդունված նորմատիվների շրջանակում են, բայց այնտեղ ստուգում են անցնում: Այդ նույն բողոքները կան Բելառուսի կողմից: Այսինքն՝ խնդիրներ են, որոնք կարծես պետք է լուծված լինեին, բայց ինչ-ինչ պատճառներով լուծված չեն, և այստեղ ոչ թե ԵԱՏՄ շահն է աշխատում, այլ առանձին երկրների շահն է գերակշռող: Սա խանգարում է, որ այդ միությունը կայանա: Լավագույն օրինակը Եվրամիությունն է, որտեղ բոլորի շահը նույնն է, կան չափորոշիչներ, որոնց շրջանակներում կարող ես ծառայություններ մատուցել, ապրանքներ արտահանել և կապ չունի, թե ԵՄ որ երկրում է: ԵՄ-ում էլ որոշակի խնդիրներ առաջանում են, օրինակ՝ նույն աշխատանքի տեղավորելու և այլնի հետ կապված, բայց օրենսդրական առումով որևէ սահմանափակում չկա: Մեզ մոտ դեռևս տեղական օրենսդրության և ԵԱՏՄ նորմատիվային ակտերի հակասությունները շատ են, որը խանգարում է ինտեգրմանը: Սա շատ կարևոր խոսակցություն էր, որ տեղի ունեցավ:

Երկրորդ հանգամանքը ԵԱՏՄ ընդլայնման հնարավորությունն է, սկզբում՝ Իրան և Սինգապուր,  հետագայում՝ Սերբիա և Իսրայել, երբ նրանք էլ կկարողանան ասոցացված կարգավիճակ ստանալ, ազատ առևտրի հնարավորություն կլինի, այս առումով էլ շատ կարևոր էր երևանյան միջոցառումը, հատկապես՝ Իրանի հետ ստորագրված համաձայնագիրը, որն առանձին ապրանքատեսակների գծով արդեն հնարավորություն կտա փոխանակումներ անել, նաև Հայաստանին հնարավորություն կտա լինել կապող օղակ, ԵԱՏՄ-Հայաստան-Իրան ճանապարհը կարող է աշխատող լինել: Հատկապես՝ էներգետիկ շուկայի շրջանակներում այդ խոսակցությունը, կարծես, ավելի ակտուալ կարող է դառնալ:

— Իրանի հետ սահմանին Մեղրու ազատ տնտեսական գոտու բացումը դեռ 2 տարի առաջ եղավ, բայց մինչ օրս չի գործում: 

— Այս մեկ տարվա մեջ, տեսանք, ինչպիսի խայտառակ պատմություններ բացահայտվեցին, ինչ կոռուպցիոն գործընթացներ են տեղի ունեցել հարակից հողերի հետ կապված: Ըստ էության՝ այդ տնտեսական ազատ գոտին չկա, ընդամենը մի կրպակ է բացվել, քանի որ ենթակառուցվածքներ չկան:

— Իսկ հույս կա՞, որ ապագայում այն իրապես կգործի:

— Կարծում եմ, որ հատկապես Իրանի հետ այս փաստաթղթերի ստորագրումից հետո արդեն զուտ առևտրական, տնտեսական ակտիվություն կլինի, որն էլ միանգամից այդ խնդիրը կդնի, որովհետև համատեղ արտադրությունների, տնտեսական գործունեություն ծավալելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ունեցող մեկուսացած տնտեսական տարածքի անհրաժեշտություն կա, որտեղ կկարողանան գործունեություն ծավալել ոչ միայն հայկական, եվրասիական, իրանական, այլև երրորդ երկրների ընկերություններ, օրինակ՝ վրացական, որոնք ուզում են դեպի իրանական շուկա մուտք ունենալ, և դա ամենահեշտ ճանապարհն է: Բայց այստեղ մենք անելիք ունենք, պետք է մեր գրավչությունը ցույց տանք: Դա մեր ճանապարհներն են, որ չունենք, ենթակառուցվածքները և այլն: Այսինքն՝ պոտենցիալը կա, բայց գործնականում խնդիրներ են, որին գուցե գործող իշխանության ձեռքը դեռ չի հասել, որովհետև նախկին խնդիրներն են կուտակվել:

— Նշեցիք ԵԱՏՄ-ում խնդիրների մասին, որոնք բարձրաձայնում է Հայաստանը: Դրանց լուծման առումով մյուս անդամ պետությունների կողմից ի՞նչ տրամադրվածություն եք տեսնում:

— Ոչ էներգակիր ռեսուրսներ ունեցող երկրների կողմից մոտեցումը նույնն է, Բելառուսն ամեն առիթով այդ հարցադրումն անում է, նաև Թուրքմենստանն է շահագրգիռ: Բոլորն էլ պետք է հասկանան, որ եթե ինտեգրվում ենք, պետք է միասնական տնտեսական դաշտի պայմաններ լինեն: Հակառակ դեպքում այս ինտեգրումից շահում են ինտեգրման ավելի քիչ կարիք ունեցող երկրները:

— Իսկ Ռուսաստանի կողմից պատրաստակամություն կա՞ խնդիրները լուծելու:

— Խոսակցությունների շրջանակում՝ այո: Այդ հարցում մի հանգամանք կա, որ մեր բոլոր վերլուծություններում բացակայում է: Ըստ էության՝ էներգակիրների խնդիրը ավելի շատ քաղաքական դաշտում է գտնվում, քան տնտեսական: Այդ քաղաքական որոշման պակասը կա միասնական շուկայի հետ կապված և այդ առումով ես համոզված եմ, որ գոնե այն խոսակցությունները, որ Երևանում տեղի ունեցան, իրականություն կդառնան, նաև այնտեղ ժամկետ նշվեց՝ մինչև 2025 թ.: Հակառակ դեպքում մենք անհավասար պայմաններում կլինենք, և ստացվում է, որ Բելառուսը կամ Հայաստանը ինտեգրվում են, որ մեր երկրներին հարակից ռուսական շրջաններն սպանեն մեր շուկաները: Այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք ինտեգրվել: Տրամաբանական չէ: Եվ այս կողմից Հայաստանի, Բելառուսի և Ղրղզստանի դիրքորոշումները միանշանակ ընդունելի են: Մենք միությանը միացել ենք այդ պայմանով, որը նշված է հիմնական համաձայնագրում: Դրանում նույնիսկ մի այլ բան կա, որը հաշվի չեն առնում՝ միասնական տնտեսական քաղաքականություն: Ի վերջո, ԵՄ-ում միասնական շուկան միայն սահմանները բացելով չէր, այնտեղ միասնական տնտեսական քաղաքականություն կա, միասնական պահանջներ՝ բյուջեի դեֆիցիտ, մակրոտնտեսական ցուցանիշներ, աշխատանքային պայմաններ, ֆինանսական կարգավորում, միասնական Կենտրոնական բանկ: Եվ ԵԱՏՄ ապագան այդպիսի նկարագիր է ունեցել: Այս առումով, կարծում եմ, Ռուսաստանը մեծ անելիք ունի և, եթե գտնում է, որ ինչ-որ բան զիջում է, դա զիջում չէ, դա պարտավորություն է, որ պետք է անի:

Բեռնում.....