ՀՀ կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ։
Նախագիծը ներկացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Ըստ նախագծի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործման նպատակով Հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցման, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը: Միաժամանակ, ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը:
Հարցը երկար քննարկվեց Կառավարությունում, որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ ասացին, որ իրենք ամբողջությամբ չեն քննարկել հարցն, ինչին արձագանքելով՝ վարչապետն ասաց․ «Ես հասկանում եմ, որ ցանկացած փոփոխություն մեզ մոտ վախեր է առաջացնում, բայց եկեք առանց վախերի այդ ճանապարհով գնանք։ Ամեն անգամ գալ Կառավարության նիստում ասել չի քննարկվել, դա ճիշտ մոտեցում չի ու այս տրամաբանությամբ մենք տեղում կդոփենք։ Սա քաղաքական հարց է և քաղաքական որշումը կայացված է»,- ասաց վարչապետը։ Նա նաև նշեց, որ միայն իր մասնակցությամբ այս հարցը երեք անգամ քննարկվել է, ՊԵԿ-ի ներկայացուցիչը նստած է եղել և ինքը ոչ մի բան չի լսել նրանից։ Վարչապետ նշեց, որ չի կարելի հարցերի քննարկումն անվերջ ձգել, մանավանդ, որ ՀՀ-ում այդպիսի պրակտիկա կա։ Նա առաջարկեց նախագիծն ընդունել, և ընդունել սա որպես քննարման մեկնարկ, այլ ոչ թե ավարտ։
