Ինձ համար ընդունելի չէ անձնական տիրույթում վարվող ցանկացած քաղաքական դիսկուրս: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ արված հայտարարությանը:
«Այն, ինչ վերաբերում է անձնական տիրույթին, չպետք է տեղի ունենա մեր քաղաքական խոսքում: Շատ ուրախ կլինեի, որ այն արձագանքը, որը եղավ բոլորի կողմերից, դրսևորվեր անխտիր բոլոր դեպքերում: Այդ թվում այն պարագայում, երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի հետ կապված արվում է անընդունելի հրապարակային մեկնաբանություն»,- ընդգծեց նա:
Մակունցը նշեց, որ անձամբ խոսել է Անդրանիկ Քոչարյանի հետ, սակայն խմբակցության մակարդակով թեման չի քննարկվել։
Մակունցը, խոսելով ՍԴ նախագահ Հրայր Թովմսյանի հայտարության մասին՝ կապված իր լիազորությունները դադարեցնելու վերբերյալ նախագծի քննարկմանը չմասնակցելու հետ, նշեց. «Պարոն Թովմասյանի իրավունքն է ներկա գտնվել կամ չգտնվել, եթե որոշել է ներկա չգտնվել, ապա որևէ առարկություն չի կարող լինել»:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նկատեց, որ ՍԴ նախագահը նախ հայտարարել է, որ քանի որ գործընթացն իրավական է ինքը ցանկանում է զերծ մնալ որևէ հայտարարությունից։ «Բայց հետո, չգիտես, թե իչու հարցը տեղափոխում է քաղաքական դաշտ»,- շարունակեց Լիլիթ Մակունցը։
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ նախագահը հայտարարություն էր արել, նշելով, թե «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնած Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթացն, ըստ էության, ունի քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Հրայր Թովմասյանը հայտարության մեջ նաև ներողություն էր խնդրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից, որ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ նրանք հնարավորություն չեն ունենա հարցեր ուղղել իրեն:
