ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դատապարտելի է համարում ցանկացած վիրավորանք։ Սակայն նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի՝ ԱՆ նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ արված հայտարարությանը նկատեց, որ խնդիրը համակողմանի չի քննարկվում։
«Այսօր Արփինե Հովհաննիսյանին պաշտպանում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը երկու ամիս առաջ ԱԺ ամբիոնից ասում էր, որ կանանց ու երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ, ո՞ւր էիք, ինչո՞ւ չէիք քննադատում։ Ու՞ր էիք դուք, երբ Նաիրա Զոհրաբյանը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դուրս էր հրավիրում մարդուն դահլիճից։ Կարելի է չէ խնդիրն հավասարզոր անդրադառնալ»,- ասաց նա։
Պողոսյանը նկատեց, որ մինչ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն Արփինե Հովհաննիսյանն էր հարցազրույց տվել, որտեղ ծայրից ծայր խայտառակ հայտարարություններ էր արել։
«Արփինե Հովհանիսյանի խայտառակ հայտարարությունները չե՞ք տեսել, չեմ տեսնում, որ Արփինե Հովհաննիսյանին ասեիք՝ ինչո՞ւ եք մտնում մարդու անձնական դաշտ, ո՞վ է ձեզ իրավունք տվել նման բան ասել, ուենք փաստեր։ Նա մեղադրանքներ է ներկայացնում, բայց նա մարդ է, որը եղել Արդարադատության նախարար ու ինքը պետք է կոռուպցիայի հետ կապված շատ հարցերի պատասխանի։ Ի վերջո, նա այն ԱՆ նախարարն է, ում օրոք հաց բերող Արթուրը մահացավ։ Ինձ համար դատապարտելի է վիրավորանքը, բայց դիսոնանս կա, որ չկա հավասարություն»,- ընդգծեց Քրիստինե Պողոսյանը։
Հարցին՝ որպես կին պատգամավոր չեք վիրավորվում, որ կնոջն այդ կերպ վիրավորում են, նա պատասխանեց․ «Ես՝ որպես կին պատգամավոր, վիրավորվում եմ, որ բոլոր հնարավոր հարթակներում Արփինե Հովհաննիսյանը գործող ԱՆ նախարարին տականք է անվանում։ Շատ եմ վիրավորվում, որ գոյություն չունի հավասարություն ՀՀ-ում։ Չեմ կարծում, որ Անդրանիկ Քոչարյանը միտումնավոր նման բան կաներ, նա բացառիկ հարգանք ունի կանանց և ընդհանրապես բոլոր մարդկանց նկատմամբ»,- եզրափակեց Քրիստիե Պողոսյանը։
