Այսօր Ազգային ժողովի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Հրայր Թովմասյանին պատշաճ կերպով տեղեկացվել է, սակայն Հ. Թովմասյանը որոշել է չմասնակցել:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, որ այս նիստի մասին Հ.Թովմասյանը պատշաճ ծանուցվել է, թեև հայտարարել է, թե չի ծանուցվել: Ըստ նրա` ծանուցման հետ կապված տեխնիկական վրիպակ է եղել հանձնաժողովում քննարկման ժամանակ, բայց այդ դեպքում էլ Թովմասյանին զանգահարել էին:
Ս. Գրիգորյանը նշեց, որ Հ. Թովմասյանի լիազորությունների դադարեցման հիմքը էական կարգապահական խախտումն է և ՍԴ դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ԱԺ ձայների 3/5-ը, իսկ որոշումը կայացնում է ՍԴ-ն. «Այսինքն` «Իմ քայլը» խմբակցությունը երբևիցե չի պնդել և այժմ էլ չի պնդում, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցումը գտնվում է ԱԺ տիրույթում: ԱԺ տիրույթում է գտնվում այս հարցը ՍԴ առջև բարձրացնելը և դիմումով դիմելը: Որոշում կայացնում է ՍԴ-ն»:
Նա մեջբերեց, թե որն է համարվում «էական կարգապահական խախտում»` ՍԴ անդամի կողմից այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է ՍԴ հեղինակությունը կամ որն անհամատեղելի է ՍԴ անդամի պաշտոնի հետ, և նշեց, որ իրենք այդպիսին են համարում Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ընդունումը: Ս.Գրիգորյանը թվարկեց Հ.Թովմասյանի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերը` նրա փոխկապակցվածությունը ՀՀԿ-ի ու դրա նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և վերջինների փոխկապակցվածությունը Ռոբերտ Քոչարյանի հետ, Թովմասյանի զբաղեցրած պաշտոնները, նրա ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում: Նա հիշեցրեց, որ Հ.Թովմասյանը եղել է նաև սահմանադրական փոփոխությունների փաթեթը մշակած հանձնաժողովի անդամ:
Անդրադառնալով Հրայր Թովմասյանի և Ռ.Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերություններին` Ս.Գրիգորյանը նշեց, որ իրենք որևէ մեկին չեն մեղադրում քավոր կամ սանիկ լինելու մեջ, այլ դատարանի անաչառությունը կասկածի տակ չդրվելու համար Թովմասյանը պետք է հեռանա գործի քննությունից: Ըստ նրա` Թովմասյանը նաև նախկինում կարծիքներ է հնչեցրել «Մարտի 1»-ի գործի մասին:
Վերջին հիմքը, ըստ Ս.Գրիգորյանի, Թովմասյանի կողմից ՍԴ-ում թե՛ վարույթի սկզբում, թե՛ հընթացս, թե՛ վերջնական որոշմամբ անդրադարձ չի կատարում այս հանգամանքներին, և դրանից խուսափելը ինքնին կարող է որակվել որպես որոշակի անաչառության բացակայության նշույլներ. «Բուն կարգապահական խախտումը ինչում է «Իմ քայլը» խմբակցությունը տեսել, այս արարքները չբարձրաձայնելն է, անգամ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի կողմից այս հարցը բարձրացնելուց հետո դրանց կրկին որևէ կերպ ՍԴ քննարկման առարկա չդարձնելը և այս գործով որոշման կայացմանը մասնակցելն է»:
Պատգամավորը նշեց, որ ժամկետների որևէ խախտման մասին չի կարող խոսք լինել, քանի որ իրենց այս խնդիրների համակցությունը հայտնի է դարձել սեպտեմբերի 6-ին` ՍԴ որոշումը հրապարակելուց հետո:
