Ես համաձայն չեմ իր հետ, այս պրոցեսն ամբողջությամբ իրավական է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարությանը, որ իր լիազորությունների դադարեցման նախագիծը քաղաքական է։
«Ինքը իրավունք ունի մասնակցելու այդ նիստին, այդ իրավունքից ինքը կարող է օգտվել, կարող է չօգտվել: Ավելին՝ կողմ կլինեի, որ պրոցեսը լիներ քաղաքական, պրոցեսը քաղաքական չի, զուտ իրավական է: Ձևակերպումներն էլ որոշման մեջ են, որոնք լրամշակվել են, ուղղվել են ամբողջությամբ լինելու իրավական: 4 իրավական հիքեր կան»,- ասաց նա:
Ըստ Բաղդասարյանի՝ գործընթացին քաղաքական գնահատական տալը զուտ ՍԴ նախագահի կարծիքն է։
«Եթե ինքնաբացարկ ներկայացնենք որևէ դատավորի, ասենք՝ դուք իրավունք չունեք մասնակցել, դատավորը կարող է ասել, որ ունի։ Այստեղ հիմնավորված և անհիմն լինելու հարցը որոշելու է ՍԴ-ն, այսինքն՝ իր կոլեգաները: Հրայր Թովմասյանը պետք է մի փոքր զսպվածութուն դրսևորի և գնահատականները կարող են հետևանք առաջացնել հենց իր կոլեգաների նկատմամբ»,- շարունակեց Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է հարցին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ իր լիազորությունների դադարեցման մասին նախագծին իրավական գնահատականներ չի տալիս, որպեսզի հետագայում դրանք ճնշում չորակվեն՝ Նիկոլայ Բաղսդասարյանը շեշտեց, որ արդեն իսկ Հրայր Թովմասյանը հայտրարել է, որ գործընթացը քաղաքական է։
«Եթե ասում է՝ քաղաքական է խնդիրը, իրավական չի, դրանից ավել ի՞նչ պիտի ասեր: Չի ասում՝ թող քննարկեն և դատարանը որոշի: Ավել ի՞նչ պիտի ասեր, որ այդ մարդկանց վրա ճնշում առաջացներ, եթե մարդը ասում է՝ այստեղ հիմք չկա իրավական, սաղ քաղաքական է: Ինքը զուսպ պետք է մնա, եթե ինքը ասում է՝ սա քաղաքական է, մեսիջ է ուղարկում մնացած դատավորներին, որ հիմնավոր չեն այս հիմքերը: Նման կերպ չպետք է ՍԴ նախագահը վարվի»,- եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը:
