ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը չի հերքում, որ դատական համակարգում խնդիրներ կան։ Սակայն նա newarmenia.am-ի հետ զրույցում շեշտեց, որ անկախ ամեն ինչից պետք է հարգել դատական համակարգն ու դատավորներին։
«Դատական համակարգում ու դատական իշխանության հետ կապված մենք ունենք խնդիրներ, բայց սխալ կլինի ասել, որ այդ խնդիրներն ունենք միայն դատական համակարգում, քանի որ բազմաթիվ մարմիններում ունենք բազմաթիվ խնդիրներ։ Կողմ չեմ դատավորների ինստիտուտի նկատամամբ հարգանքի նստեցմանը, քանի որ ամեն ինչ սկսում է հարգանքից»,- ասաց նա։
Գրիգորյանը հիշեց, որ ինքը փաստաբան եղած ժամանակ ոչ բոլոր դատավորների նկատամամբ է իր անձնական վերաբերմունքը նույնը եղել, բայց շեշտեց, որ բոլորի նկատմամբ է հարգալից եղել, քանի որ վերաբերվել է որպես ինստիտուտ։ Սուրեն Գրիգորյանի համար անընդունելի է դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպը համեմատել դատարանների դիմաց քաղաքացիների իրականացրած ակցիայի հետ, ավելին՝ համեմատությունն արհեստական է համարում։
«Նախ շեշտեմ, որ ճնշումները դատական համակարգի նկատմամբ անթույլատրել են, բայց պետք է հաշվի առնել, որ դատավորները հասկանում են, որ իրենց գործունեությունը՝ կապված հնչեղ գործերի հետ, որոշակի հասարակական ռեկացիայի են հանգեցնում։ Հիմա հարցն այն է, որ իրեն առանձին մոտենալու ձևաչափի ու դատարանների մուտքերն արգելափակելու գործընթացի մեջ զուգահեռներ չեմ տեսնում։ Մի բան է, որ սոցիալական ցանցերում քաղաքացիներն իրենց դժոգհություն են արտահայտում և այլն, այլ բան է, որ դատավորին ֆիզիկապես մոտենում են սպառնալիք կամ որակում տալիս»,- եզրափակեց Սուրեն Գրիգորյանը։
