30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Նվազագույն աշխատավարձի բարձրացումն անմիջական ազդեցություն կունենա աղքատության ցուցանիշի վրա
Տնտեսություն և Բիզնես

Նվազագույն աշխատավարձի բարձրացումն անմիջական ազդեցություն կունենա աղքատության ցուցանիշի վրա

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունների վերաբերյալ Newarmenia.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

— Պարոն Թունյան, ԱԺ-ն  ընդունեց ձեր և Վարազդատ Կարապետյանի ու Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները՝  նվազագույն ամսական աշխատավարձը 55 հազար դրամից դարձնելով 68 հազար դրամ: Սրանով ի՞նչ խնդիր է լուծվում:

— Բոլորի համար հասկանալի է, որ ո՛չ 55 հազար դրամը, ո՛չ 68 հազար դրամը մարդկանց սոցիալական վիճակի վրա շատ շեշտակի ազդեցություն չի տա, բայց տրամաբանությունը հետևյալն է, որ եթե Հայաստանում կա նվազագույն աշխատավարձի պահանջ, ապա այդ նվազագույն աշխատավարձի չափը պետք է լինի այնքան, որ բավականացնի մարդուն նվազագույն սպառողական զամբյուղը գնել , այսինքն՝ գոնե այնքան լինի, որ աշխատող մարդը կարողանա գոյատևել, հակառակ դեպքում  նվազագույն աշխատավարձի շեմ ֆիքսելու իմաստը կորում է: Հիմա Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 2015թ.-ից ի վեր  55 հազար դրամ է, իսկ սպառողական զամբյուղն արդեն 64 հազարի է մոտենում: Դրանով մենք նվազագույն աշխատավարձը գոնե բերում, հավասարեցնում ենք նվազագույն սպառողական զամբյուղին, մի բան էլ ավելի՝  68 հազար դրամ, որ աշխատող մարդը գոնե կարողանա այդ խնդիրը լուծել: Ի սկզբանե այդ տրամաբանությամբ ենք ղեկավարվել:

Աղքատության մակարդակի վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա:

— Անիմիջական ազդեցություն է ունենալու, որովհետև 68 հազար դրամը հետևյալ մեթոդաբանությամբ է հաշվարկվել աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կողմից՝ բանաձևի հիմքում դրվել է աղքատության գիծը՝ 41 հազար դրամ, ու հաշվարկն այնպես է արվել, թե միջին վիճակագրական ընտանիքը, որը նվազագույն աշխատավարձով է ապրում, ինչքան եկամուտ պետք է ունենա, որ այդ աղքատության գծից վեր  գտնվի: Եվ ստացվում է, որ նվազագույն աշխատավարձով աշխատող առնվազն 150 հազար մարդ աղքատության գծից վերև պետք է բարձրանա, ինչը նշանակում է, աղքատության ցուցանիշի վրա անմիջական ազդեցություն է ունենալու:

Սակայն եթե հաշվի առնենք, որ շատ ժամանակ գրանցված աշխատավարձը չի համապատասխանում իրականին, նաև քիչ չեն չգրանցված աշխատողները, փաստացի ինչքա՞ն մարդ կզգա այս փոփոխությունը, կա՞ ռեալ պատկերը:

— Դժվար է ասել, որովհետև դա խիստ սուբյեկտիվ գնահատական կլինի: Պաշտոնական գրանցվածների դեպքում այդ փոփոխությունն իրենց վրա կզգա 150 հազարից ավելի մարդ, որովհետև կան մարդիկ, որ ստանում են 67 հազար դրամ, նաև իրենց վրա է սա ազդելու: Կան մասնավոր դեպքեր, որ աշխատավարձը բարձր է գրանցված, բայց 55 հազարից էլ ցածր են ստանում,  նաև կան դեպքեր, որ իրականից ցածր է գրանցված աշխատավարձը, որպեսզի եկամտահարկ չմուծեն: Այս ամեն ինչը կա, բայց դրանց վերաբերյալ ճշգրիտ գնահատական տալը պրակտիկորեն անհնար է: Բայց փաստ է, որ դրանից օգտվելու են բավականին մեծ թվով մարդիկ:

— Պաշտոնյաների աշխատավարձը ինչպե՞ս է փոխվելու:

— Մենք ի սկզբանե առաջարկել էինք բարձրացնել մինչև 63 հազար դրամ՝ հենց դրանից ելնելով, որ բազային աշխատավարձի վրա դա որևէ կերպ չազդի: 68  հազարի դեպքում բազայինը ևս բարձրանում է և ավտոմատ բարձրանում է պաշտոնյաների աշխատավարձը: Ամբողջ խնդիրն էր՝ մշակել այնպիսի մեխանիզմ, որ չեզոքացվեր այդ բազային աշխատավարձի ազդեցությունը: Սա է եղել այդ կոնսենսուսի կետը: Դրա համար կառավարությունը, առաջարկելով 68  հազար դրամ, միաժամանակ առաջարկել էր լուծում՝ բազային աշխատավարձին ձեռք չտալու համար: Դրա համար մենք բազային աշխատավարձի օրենքից բացի փոփոխություն կատարեցինք նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի մեջ: Հավելյալ ճշգրտումների անհրաժեշտության դեպքում դրանք կարվեն առաջինից երկրորդ ընթերցում: Սակայն, միանշանակ է, որ պետական հատվածի աշխատողների վրա, բացառությամբ նրանց, որոնք այդ ստորին աշխատավարձային շեմում են գտնվում և 68 հազարից ցածր են ստանում, մյուսների վրա դա որևէ կերպ չի ազդելու, որովհետև կստացվեր, որ մենք ինքներս մեր աշխատավարձն ենք բարձրացնում:

Ամեն դեպքում՝ այդ 68  հազարն էլ շատ խնդիրներ չի լուծի:

— Այո, հասարակության մեջ հարցը ավելի շատ դիտարկվում է սոցիալական տեսանկյունից, թե այդ 68  հազարն ինչքանով կլուծի խնդիրները, սակայն մյուս կողմից կա նաև հարցի տնտեսական կողմը, որովհետև նվազագույն աշխատավարձի չափից դուրս շատ շեմ դնելը կարող է հանգեցնել բացասական հետևանքների՝ գործազրկության, գնաճի, որը կարող է չեզոքացնել աշխատավարձի բարձրացման դրական էֆեկտը: Այսինքն՝ այնպես չէ, որ ինչքան շատ, այնքան՝ լավ: Պետք է ոսկե միջինը գտնել: Տնտեսագետները տարբեր տեսակետներ ունեն, բայց հարցը քննարկելիս մենք բոլոր բաղադրիչները մանրամասն հաշվի ենք առել: Իհարկե, ցանկալի էր, որ նվազագույն աշխատավարձը լիներ ոչ թե 68  հազար դրամ, այլ 120 հազար, դրամ, բայց պետք է հաշվի առնել նաև տնտեսական հետևանքները:

Բեռնում.....