«Այն բանից հետո, երբ Ռուսաստանն իրականացրեց Ղրիմի բռնակցումը և ուժեղացրեց իր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում, ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում ծայրահեղ կարևոր է»,- «Regnum» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ժամանակ, որը բացվել է հոկտեմբերի 3-ին` Բաթումիում:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունն է և երկրի անվտանգության երաշխիքը: Այն փաստը, որ ՆԱՏՕ-ի պատվիրակությունն արդեն հինգերորդ անգամ է այցելում Վրաստան և այստեղ հանձնաժողովի նիստ է անցկացնում, Վրաստանին աջակցության վառ վկայությունն է:
«Այս այցելությունը խորհրդանշական է, որովհետև ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև համագործակցության մեջ հայտնվել է նոր տարածք: Մենք բոլորս հասկանում ենք, որ անվտանգ Սև ծովը նաև եվրաատլանտյան տարածքի անվտանգության երաշխիքն է: 2002 թվականին Վրաստանը դիմել էր ՆԱՏՕ` անդամակցության խնդրանքով, դրանից հետո երկիրը անցել է շատ փորձությունների միջով, բայց, չնայած դրանց, լուրջ առաջընթաց է ունեցել: Այդ առաջընթացը հաստատվել է նաև 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում, երբ դաշինքի անդամ-երկրները խոստացան, որ մեր երկիրը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Նա նաև հավելել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի անդամակցությանը կողմ է արտահայտվում բնակչության ավելի քան 70 տոկոսը, ինչի վկայությունը հասարակական կարծիքի հարցումների արդյունքներն են:
