Ի սկզբանե՝ մինչ մեր Ստրասբուրգ մեկնելը, որոշել էինք շուտ վերադառնալ, որ մասնակցեինք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկմանը, քանի որ դա մեզ համար կարևոր հարց է, բայց հասանք քվեարկությանը։ Այսօր ԱԺ֊ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով հարցին, որ հատուկ վերադարձել են քվեարկությանը մասնակցելու համար։
«Քվեարկությանը մեր չմասնակցությունը բան չէր փոխի, քանի որ ձայներն առանց մեր 5 ձայնի էլ բավական էին»,֊ասաց նա։
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մեղադրանքին, թե իր լիազորությունների դադարեցման գործընթացը ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթաց է, Ռուբինյանը նշեց, որ այն առումով, որ քվերկությունը տեղի է ունենում ԱԺ֊ում , միայն այդքանով քաղաքական է։
«Այն առումով, որ քաղաքականացված է ու կան ճնշումներ, բացարձակ սուտ է։ Կարծում եմ՝ Հրայր Թովմասյանի այս հայտարարությունները վկայում են այս մասին, որ Հրայր Թովմասյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, և ի տարբերություն ԱԺ֊ի նա իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Թովմասյանն անաչառ չէ տարատեսակ հարցերում»,֊ շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։
