Քվեարկությունը կատարվեց, ընդունվեց նախագիծn, ինչը նշանակում է, որ հարցն արդեն Սահմանադրական դատարանի տիրույթում է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա, անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կլինի, նկատեց, որ կախված է Սահմանադրական դատարանից:
Դիտարկմանը, որ քաղաքական է որակվում Հրայր Թովմասյանի՝ ԱԺ չգալը` Միրզոյանն ընդգծեց՝ պետք է հստակ արձանագրել, որ ԱԺ-ն պատշաճ ձևով արձանագրել էր Հրայր Թովմասյանին ներկա գտնվել երեկվա նիստին, որ պաշտպաներ իր դիրքորոշումը, պատասխաներ պատգամավորների հարցերին:
«Նախ հարցը քննարկվել է Պետաիրավական հանձնաժողովում, և այն դրվագը, որով իրենք խոսում են, դա այդ հանձնաժողովի նիստին հրավիրելու մասին է, ընդ որում՝ ես ուզում եմ, նորից ասել՝ մինչև թղթային հրավերի գնալը, նաև Պետաիրավական հանձնաժողովի կողմից ՍԴ աշխատակազմ եղել է զանգ, որով հրավերը բանավոր արվել է: Դրան հարջորդել է էլեկտրոնային կարգով հրավերը, որտեղ, այո, եղել է սխալ»,- մանրամասնեց Միրզոյանը:
Անդրադառնալով ԱԺ երեկվա նիստին` Միրզոյանը նշեց, որ Հրայր Թովմասյանին պատշաճ կերպով հրավիրել են:
«Հրայր Թովմասյանն, ինչպես արդեն տեսաք, չի եկել ԱԺ նիստին՝ ընդ որում, բավականին ուշագրավ մի բան՝ ներողություն է խնդրել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Իմ կարծիքով՝ սա Ազգային ժողովին որպես ինստիտուտի, և ԱԺ ներկայացված մնացած քաղաքական ուժերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, որը հերթական անգամ գալիս է ապացուցելու այն, ինչի վրա ես շեշտադրում էի կատարում՝ մասնավորապես, իմ երեկվա ելույթում: Ես կարծում եմ, որ շատ հստակ քաղաքական դիրքորոշման, քաղաքական մոտիվացիայի, քաղաքական պատճառաբանության տարրեր կան, եթե ոչ ամբողջովին դրանց վրա են հիմնված»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահն, արձագանքելով դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը կարծում է, որ ցանկանում են ՍԴ-ին քաղաքական որոշումներ ընդունելու ճանապարհին ճնշել, ասաց. «Իշխող քաղաքական ուժը որևէ մտադրություն չունի և չի ունեցել, այսպես կոչված, ենթադրյալ անցանկալի մարդկանց հեռացնել դատական համակարգից: Ճիշտ հակառակը՝ մենք միշտ հանդես ենք եկել, օբյեկտիվ, արդար, անաչառ դատական համակարգ ունենալու օգտին, և մեր մոտիվացիան մշտապես եղել է դա: Կարծում եմ՝ եթե մենք այդպիսի մտադրություն ունենայինք, այս կամ այն կերպ այս ամիսների ընթացքում դա դրսևորված կլիներ»:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահվածքին, ԱԺ նախագահը նշեց, որ իր համար տաօրինակ է, որ խորհադարանի երկրորդ մեծ ուժը երկրում ընթացող նման կարևոր իրադարձությանը հստակ գնահատական չի տալիս:
«Կարծում եմ, որ քաղաքան ուժն՝ այն էլ խորհրդարանում ներկայացված երեք քաղաքական ուժերից մեկն, այն էլ այսպիսի հագեցած օրակարգով, ինչպիսն երկրում այսօր է, չի կարող այսպիսի առանցքային հարցերում դիրքորոշում չունենալ: Ես նույնքան հարգում եմ ԼՀԿ-ի դիրքորոշումը՝ այս նախագծին պաշտպանելը, որքան կհարգեի և բարձր կգնահատեի ԼՀԿ-ի որոշումը՝ դեմ քվեարկել այս նախագծին: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ չունենալ քաղաքական դիրքորոշում այսպիսի կաևոր հարցի վերաբերյալ»,- շեշտեց Արարատ Միրզոյանը:
Հարցին էլ՝ կընդունե՞ն ՍԴ որոշումը, ինչպիսին էլ այն լինի, Արարատ Միրզոյանն ասաց՝ այո:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն 98 կողմ մեկ դեմ ձայնի հարաբերակցությամբ ընդունեց Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը:
