16.1 C
Yerevan
31 Մայիսի, 2023
249596.8 By Google Analytics 30.05.2023
Գլխավոր » Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում
Քաղաքականություն

Փոխնախարար Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգվող տեղամասերում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը շրջայց է կատարել Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի շինտեղամասերում, որտեղ ընթանում են ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Նշենք, որ միջպետական մայրուղու Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հիմնանորոգվող 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածը բաժանված է երեք տեղամասերի, որտեղ միաժամանակ աշխատում են 3 շինարարական կազմակերպություններ։

Փոխնախարարը հանդիպել է շինարարների հետ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։

Շինաշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության՝ «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկության թիմի ղեկավար Գեորգիոս Պարասկևոպուլոսը փոխնախարարին տեղեկացրել է, որ ներկա պահին հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ենթակառուցվածքների տեղափոխման, հենապատերի կառուցման աշխատանքներ։ Ներկա էին նաև նախագծող կազմակերպության ներկայացուցիչները, ում հետ քննարկվել են  նախագծային որոշ հարցեր։ Անդրադարձ  է եղել Մ6-Օձունի խաչմերուկի հատվածում երթևեկության պայմանների բարելավման հարցին, քննարկվել են տվյալ հատվածում երթևեկության կազմակերպման առավել արդյունավետ տարբերակները։

Փոխնախարարը նկատել է, որ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է, այստեղ արդյունքները կարճ ժամանակում պետք է ակնառու լինեն։ Նախագծային փոփոխությունների անհրաժեշտության դեպքում, դրանք պետք է իրականացվեն շատ օպերատիվ։

Կանգառ է  եղել  նաև Ալավերդի քաղաքում։ Փոխնախարար Բադալյանը կապալառու «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հանձնարարել է  անհրաժեշտ աշխատանքներ տանել՝ շինարարության հետևանքով առաջացող փոշին նվազագույնի հասցնելու և խնդրահարույց տեղամասերում շինաշխատանքների ընթացքն արագացնելու ուղղությամբ։ Ալավերդու տարածքում հիմնականում լուծվել են հաղորդակցուղիների ժամանակավոր վերատեղադրման հետ կապված հարցերը, ուստի կապալառու կազմակերպությունը հնարավորություն կունենա ավելի արագ իրականացնել հիմնանորոգման աշխատանքները։ Փոխնախարար Բադալյանը նշել է, որ կվերականգնվեն նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջները։

Փոխնախարարը հանձնարարել է կապալառու կազմակերպություններին ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքն արագացնել, պահպանել նախանշված ժամկետները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով որակին։

Բեռնում.....