Ռուս լրագրողուհի Յուլիա Յուզիկը կալանավորվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Այդ մասին «Facebook»-ում գրել են լրագրող Բորիս Վոյցեխովսկին և Յուզիկի դուստրը:
Վոյցեխովսկիի խոսքերով, Յուզիկը Թեհրան էր հրավիրվել որպես թղթակից: Լրագրողուհին պնդում է, որ օդանավակայանում իրենից վերցրել են անձնագիրը` ասելով, որ կվերադարձնեն երկրից հեռանալու ժամանակ: «Բայց նախօրեին, ջարդելով հյուրանոցի նրա համարի դուռը, Յուլիային անմիջապես կալանավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցները»,-գրել է Վոյցեխովսկին:
Նա նաև պատմել է, որ Յուզիկին թույլատրել են զանգահարել Մոսկվա հոկտեմբերի 3-ի երեկոյան: Զանգը տևել է մոտ մեկ րոպե: Այդ ընթացքում Յուզիկը հասցրել է հայտնել, որ նստած է խցիկի հատակին, կապի միջոց չունի, և շաբաթ օրն իրեն կտանեն դատարան: Վոյցեխովսկին հավելել է, որ Յուզիկին մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: «Իսկ դա նվազագույնը 10 տարի է»,- եզրափակել է լրագրողը:
Յուզիկի դուստրն էլ «Facebook»-ի մոր էջում գրել է, որ մայրը կարողացել է զանգել իր տատիկին, որն էլ իր հերթին իրեն է զանգել: «Նա գիտեր, որ կարող է նման բան լինել, բայց գնացել է»,- նշել է դուստրը:
Յուզիկն աշխատում էր «Комсомольская правда» թերթի խմբագրությունում և «Русский Newsweek» ամսագրում: 2003 թվականից զբաղվում էր գրական աշխատանքով և լրագրողական հետաքննություններով: 2003 թվականի նոյեմբերին լույս է տեսել նրա «Ալլահի հարսնացուները» գիրքը, որի հերոսները Ռուսաստանում իրենց պայթեցրած կին ահաբեկիչ-մահապարտներն են: Գիրքը վերահրատարակվել է ինը երկրներում: Ապա գրել է «Բեսլանական բառարան» գիրքը:
