ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկանում ՀՀ-ում բողոքի ակցիա իրականացնող որևէ մարդու վիրավորել՝ նկատելով, որ դա բոլորի իրավունքն է դժգոհություն հայտնելը։ Միևնույն ժամանակ նա NewArmenia-ի հետ զրույցում նշեց, որ ինքն ընդահանուր առմամբ հանրային մեծ դժգոհություն չի տեսնում։
«Հանրային բառն օգտագործելու ժամանակ նկատի են ունենում հանրային լայն զանգվածեր, սակայն հանրային զանգվածի մեջ դժգոհություն չկա։ Կան ինչ-որ մարդիկ, որոնք ինչ-որ սպասումներ ունեին, որոնք չէին հասկացել, թե հեղափոխությունն ինչի մասին է, քանի որ մտածել են, որ Նիկոլ Փաշինյանը գալու է բոլոր գող ավազակներին հանի գործից, ու իրանց գող ավազակ բարեկամներին նշանակի, բայց այդ սպասումը չի արդարացվել։ Կային մարդիկ, որոնք որ գալիս մեզանից պաշտոն էին ուզում, իսկ հիմա գնում են հակառակ թև, որովհետև մեզանից պաշտոն չեն ստացել, նույնիսկ անուններով կարող եմ ասել»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ մարդիկ ընդհանուր առմամբ գոհ են, քանի որ հստակ տեսնում են, որ գնալով տնտեսությունը զարգանում է, պետբյուջեն մեծանում է, աշխատավարձերը բարձրանում են, ԶՈւ-ին հատկացվող գումարը մեծանում է և այլն։ Նա այս իրականությունը չտեսնողներին հորդորեց facebook-ից դուրս գտնվող իրականությանը նայել։
«Ակցիաները չգիտեմ՝ ուղղորդված են, թե՝ ոչ, կարծում եմ, որ հանրությունը դա ավելի լավ կհասկանա, բայց գիտեմ, որ աշխարհում չկա որևէ մի երկիր, որտեղ որևէ բողոքի ակցիա գոյություն չունի։ Եթե կա, հավանաբար, Հյուսիսային Կորեայում է»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը վստահ է, որ իշխանության նկատմամբ հանրային վստահությունը շարունակում է բարձր լինել։
«Չի կարող նույն մակարդակի լինել, իջնում է, բայց բարձրանալու է բարեփոխումների պարագայում․ այսինքն՝ մի պահ կիջնի, հաջորդ պահին կբարձրանա և այլն։ Չի կարող ստաբիլ 71 տոկոս լինել, պահ կլինի 51 կդառնա, հաջորդ պահին 75 և այլն։ Եթե վաղը ընտրություն լինի, «Իմ քայլը» դաշինքը նորից կհաղթի»,- երզափակեց Ալեն Սիմոնյանը։
