15.1 C
Yerevan
1 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 31.05.2023
Գլխավոր » Ի՞նչ արժե մարդու կյանքի մեկ օրը, իսկ տասնյակ տարինե՞րը. Պետական կարիքների զոհերն արդարություն են պահանջում, իշխանությունները փաստահավաք գործընթաց են սկսում
Գլխավոր Նորություններ

Ի՞նչ արժե մարդու կյանքի մեկ օրը, իսկ տասնյակ տարինե՞րը. Պետական կարիքների զոհերն արդարություն են պահանջում, իշխանությունները փաստահավաք գործընթաց են սկսում

Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի են ունենալու փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով: 

Հյուսիսային պողոտայի ծրագիրը սկիզբ դրվեց 2000թ-ին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ: Ի սկզբանե՝ Հյուսիսային պողոտայի շենքերի բարձրությունը չպետք է գերազանցեր Օպերայի շենքի երկրորդ հարկաշարքը (25 մ), սակայն իրականում կառուցվեցին 14 հարկանի շենքեր: Կառավարության որևէ որոշում, որ 7 հարկի փոխարեն` կարող է կառուցվել 14 հարկ, չի եղել: Ակնհայտ գերշահույթների ակնկալիքն էլ պատճառ դարձավ անօրինականությունների շղթայական ռեակցիայի և սկսվեցին քաղաքացիների սեփականության իրավունքի զանգվածային խախտումները՝ Հյուսիսային պողոտային հետևեց Գլխավոր պողոտան, հետո կառավարության «ախորժակը մեծացավ», և ընդունվեց մի որոշում, որ Երևանի 345 հազար քմ տարածքը պետք է վերցվի պետության կարիքների համար: Այն ժամանակ մոլեգնող «փողի տենդի» ու ապօրինությունների վառ ապացույցներից մեկը Արամի փողոցի չարաբաստիկ շենքն է, որտեղ բնակարանները վաճառվեցին միաժամանակ 4-5 հոգու:

Պետական կարիքների անվան տակ իրենց տներից վտարվեց շուրջ 5000 քաղաքացի: Նրանց մի մասը բավարարվեց ստացած փոխհատուցումներով, սակայն շատերն առաջարկվող փոխհատուցումն անհամարժեք ու չնչին համարեցին և դիմեցին դատական ատյաններին: Հայաստանում արդարության չհասնելով՝ քաղաքացիները գանգատներ ուղարկեցին ՄԻԵԴ և տարիներ անց մեկը մյուսի ետևից Եվրոպական դատարանը որոշումներ ընդունեց՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ պարտավորեցնելով միլիոնավոր գումարներ վճարել ունեզրկված քաղաքացիներին:

«Այսքան տարի այդ լծակի տակ ենք, ես հոգնել եմ այս երկրում ապրել ու չգիտեմ, թե ով եմ: Ես պաշտոնապես հրաժարվել եմ իմ անձնագրից և ռուսական քաղաքացիություն եմ ուզում ընդունել, քիչ է՝ ես անտուն դարձա, այդքան ժամանակ վարձով բնակվեցինք, ինձ դատեցին…»,- Newarmenia.am կայքի հետ զրույցում ասաց Բուզանդի նախկին բնակիչ, պետական կարիքների զոհերից Տատյանա Զարիկյանցը:

Նա պատմեց, որ անցած տարի Նոր Հայաստանի հռչակմամբ հույս է արթնացել նաև իրենց մոտ, որ վերջապես արդարության կհասնեն. «Խնդիրները շատ-շատ են, բայց այս իշխանություններն ինչ-որ կերպ փորձում են հարց լուծել և ուզում են ինչ-որ բան անել: Հարցն այն է, թե որքանով կհաջողեն: Համենայն դեպս՝ ես հույսս չեմ կորցնում»:

Զարիկյանցը հիշեց, թե ինչպես իրեն «բախտ վիճակվեց» դեմ առ դեմ խոսել Ռոբերտ Քոչարյանի հետ. «Մեզ մեր տնից դուրս արեցին 2005 թ. դեկտեմբերի 26-ին, երեխաները սթրեսի մեջ էին և դեկտեմբերի 28-ին ես նրանց տարա նոր բացված սահադաշտ: Այդ ժամանակ Հին Երևան ռեստորանից դուրս եկան Քոչարյանը, Բեգլարյանը (խմբ. Գագիկ Բեգլարյանը 2005 թին Կենտրոն համայնքի ղեկավարն էր)՝ իրենց թիմակիցներով, ու եկան նայելու սահադաշտը: Նրանց 3 շրջանով պահակախումբը շրջափակել էր, ինձ հետ 4 երեխա կար, չթողեցին մոտենալ ու ես աղմուկ բարձրացրեցի: Քոչարյանը ոտքի կանգնեց ու ինձ թողեցին մոտենալ: Ես շնորհավորեցի Նոր տարի ու Սուրբ ծնունդ, ինքն էլ շնորհավորեց, բայց ես ասացի՝ արդեն շնորհավորել եք՝ տանից դուրս եք շպրտել, Քոչարյանն ասեց, թե՝ ամեն ինչ լավ էր, մոտ 5000 պայմանագիր է կնքվել, բայց հայտնվել է մի մարդ՝ Սեդրակ Բաղդասարյանը, որը «պղտորել է ջուրը»: Ամեն դեպքում՝ խոստացավ մեր հարցը լուծել, բայց օրեր անց ինձ է զանգում վերստուգիչ պալատի նախագահ Աբրահամյանն ու հրավիրում «պարզապես զրույցի»: Բնականաբար՝ մերժեցի: Եթե կոնկրետ առաջարկ չունեին, ես ինչո՞ւ պետք է գնայի պարզապես զրուցելու»:

Զարիկյանցի խոսքով՝ մինչև ՄԻԵԴ-ի որոշմանը հասնելն իրենք շատ ստորացուցիչ երևույթների են հանդիպել. այն ժամանակ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանն անընդհատ «հիմար» գրություններ էր ուղարկում ու ձգձգում ժամանակը, արդարադատության նախարարությունում հրդեհ եղավ, փաստաթղթերը այրվեցին ու կրկին ժամանակ ձգվեց: Այդպես անցավ 11 տարի: 2010-ին դիմումատուներին առաջարկվել է համաձայնության գալ և նրանց պատկանած քանդված տների տեղում բնակարաններ հատկացնել։ Սակայն պարզվել է, որ այդ բնակարանն արդեն տեր ունի և «հաշտության» այդ փորձը կառավարության խաբեությունն է:

Ընդ որում՝ այն ժամանակ արդարադատության փոխնախարար Ռուբեն Մելիքյանը Զարիկյանից ետ է պահանջել վտարման գումարը, թեև դա մասնավորի, և ոչ թե պետության կողմից վճարված փոխհատուցում էր, իսկ ՄԻԵԴ որոշման մեջ գումար վերադարձնելու մասին խոսք չկար: Ի վերջո, Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 44 հազար եվրո փոխհատուցում. 32 հազարը՝ որպես նյութական վնասի և 12 հազարը՝ բարոյական վնասի փոխհատուցում:

«Ոմանք ասում էին՝ ՄԻԵԴ-ի որոշմամբ փոխհատուցում եք ստացել, ինչո՞ւ եք դժոհում: Բայց կարո՞ղ եք ասել՝ ձեր ու ձեր երեխաների կյանքի մի օրն ի՞նչ արժի: Իմ կորցրած 15 տարիները, իմ կյանքի ամենածաղկուն շրջանը, որ չգիտեի ոնց անեի, որ երեխաներս տրավմա չստանան, հոգեկան ծանր ապրումներ չունենան: Այսօր իմ տղան հայրենիքում չի, զզված է էդ ամենից ու չի ուզում լսել վերադառնալու մասին, ես տղա եմ կորցրել դրա պատճառով: Եթե միլիոններ էլ տան, իմ կյանքը ոչ մեկ չի վերադարձնի, իմ երեխաների մանկությունը ոչ մեկ չի վերադարձնի… Հիմա իմ միակ հույսն այսօրվա կառավարությունն է, որ մարդիկ գոնե լսում են մեզ»,- ասաց նա:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ևս նշեց, որ այսօր մեծ սպասելիքներ ունի, որովհետև վարչապետը հայտարարել է, որ բոլոր թալանածը հետ կբերի, կազմակերպվել են լսումեր, արդեն գործընթացը գնում է. «Ի վերջո, սա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի պատվի հարցն է, այլև՝ նոր իշխանությունների պատվի հարցն է՝ շտկել իրավիճակը»:

Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումների, սեփականազրկումների այլ դրսևորումների վերաբերյալ նախատեսվում է փաստեր հավաքել անցումային արդարադատության շրջանակներում՝ 2019-2023 թթ. ռազմավարության դրույթներից մեկով։

ՀԿ ղեկավարն օրինակ բերեց «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վերջերս կայացված վճիռը, որով պարտավորեցվել է Հայաստանի կառավարությանը Յուրա Վարդանյանին որպես փոխհատուցում վճարել 1.6 մլն եվրո, և նշեց, որ քաղաքացիների հողատարածքների համար Հյուսիսային և Գլխավոր պողոտայի կառուցապատողներն էին գումարը վճարում, ոչ թե կառավարությունը բյուջեից, և եթե Ռոբերտ Քոչարյանը, Անդրանիկ Մարգարյանը կամ Երվանդ Զախարյանը չմիջամտեին, կառուցապատողը կվճարեր քաղաքացուն և այսօր բյուջեին վնաս չէր պատճառվի. «Այդ գումարն ինչ-որ մեկը կերավ, չէ՞։ Եվ հիմա ի՞նչ ունենք։ Այժմ այդ գումարը պետք է վճարեն հարկատուները՝ դուք, ես և մյուսները։ Մի՞թե դա նորմալ է։ ՀՀ անկախությունից ի վեր սա դարի հանցագործություն է: Հյուսիսային և Գլխավոր պողոտաների կառուցապատված շենքերի 1 քմ-ն կառուցապատողի համար ապահովել է 20-25 հազար դոլար մաքուր եկամուտ: Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ թվերի մասին է խոսքը։ Քոչարյանը, 1998 թ-ին դառնալով ՀՀ նախագահ, 10 տարում դարձավ միլիարդատեր։ Դա ինչպե՞ս կարող էր պատահել»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանի կարծիքով՝ չի կարելի ասել, որ փոխհատուցումները լինելու են հարկատուների հաշվին. «Նախկին կոռուպցիոներ պաշտոնյաներն ու այդ խնդրի լուծումը չեն կարող փոխկապակցվել: Հաշվի առնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն աննախադեպ ծավալներով է գնում ու բյուջե ետ են վերադարձվում հսկայական գումարներ, իսկ մյուս կողմից բյուջեից փոխհատուցվում են քաղաքացիներին պատճառված վնասները, դա չի նշանակում, որ հարկատուների միջոցներից է գնում: Կարող ենք ասել, որ հենց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների արդյունքում է այդ գումարը վճարվում, ոչ թե հարկատուների հաշվին»:

Ըստ պատգամավորի՝ դեպքերն առանձին պետք է քննարկվեն և տարանջատվեն, քանի որ ոչ բոլոր դեպքում է վնասը միանշանակ եղել. «Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ մարդն ուղղակի իր սեփականության դիմաց ստացել է շուկայական գնին համարժեք գումար, իշխանամերձ շրջանակներում ծանոթներ է ունեցել և չի տուժել: Բնականաբար, սեփականության վերադարձն անհնար է, միակ խնդիրը, որ կարելի է քննարկել, պատճառված վնասի փոխհատուցումն է, ինչը պետք է արվի դատական կարգով: Եթե լսումները ցույց կտան, որ կա խնդիր և ներկայիս օրենսդրությունն այն չի լուծում, պետք է օրենքում փոփոխություն արվի: Քննարկումները միտված են պարզելու՝ կարիք կա՞ հանձնաժողով ստեղծելու, ի՞նչ լիազորություններով ու բովանդակությամբ, պետական ո՞ր մարմնի ներքո, թե՞ հասարակական հիմունքներով պետք է այն գործի և այլն»:

Նշենք, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման վերաբերյալ ՄԻԵԴ-ը կայացրել է 19 վճիռ, որոնց հիման վրա դիմումատուները պահանջել են շուրջ 15 միլիոն եվրո, որից Եվրոպական դատարանը բավարարել է 2,167,369 եվրոն։

ՀՀ վարչապետի խորհրդական, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում դեռևս կան պետական կարիքներից տուժածների գործեր, դրանցից մեկը վերջերս է կոմունիկացվել, կան գործեր, որ կոմունիկացիան ավարտվել է և սպասվում են որոշումներ: «Կառավարության դիրքորոշումն այն է, որ ՄԻԵԴ կողմից նշված խնդիրները, որ վեր են հանվում վճիռներում՝ գնահատման, փոխհատուցումների կամ ընդհանրապես իրավական պրոցեսների հետ կապված, դրանք աստիճանաբար պետք է վերացվեն և նաև դատարաններն իրենց պրակտիկայում աստիճանաբար ներդնեն ՄԻԵԴ չափանիշները: Կոնկրետ Հյուսիսային պողոտայի գործերով որոշումները տարբեր էին, կան որոշումներ, որոնցով զուտ իրավական հիմքերն էին խնդրահարույց՝ օրենքի բացակայություն և այլն, որոնք իրականում բավականին լուծվել են, օրենքներն ընդունվել են, մոտեցումները՝ վերանայվել, շատ հարցերի պատասխաններ տրվել են, բայց դեռ անելիք կա»,- ասաց նա:

Ըստ Կիրակոսյանի՝ եթե օտարված սեփականոթւյան համար բավարար չափով գումար տրամադրված չի եղել, դատարանի որոշմամբ կոնկրետ գումարն է ֆիքսվում, որի հիման վրա էլ տրվում է ամբողջական փոխհատուցումը՝ հաշվի առնելով գույքի շուկայական արժեքը. «Եթե վերաբացման անհրաժեշտություն կա, դա այլ խնդիր է, բայց սովորաբար սեփականության իրավուքնի գործերով վերաբացումներ չեն ունենում: ԱԺ-ում փաստահավաք գործընթացի նպատակն ավելի լայն է, վեր են հանվելու այն փաստերը, որոնք ուշադրության արժանի են, ապագայի համար դասեր պետք է քաղվեն, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել, ինչ պրոցեսներ են եղել, և սա կանխարգելիչ նպատակ ունի՝ հետագայում նմանատիպ սխալներից խուսափելու համար: Եթե որևէ սեփականության իրավունքի զրկում է տեղի ունենում, դա պետք է լինի լրիվ Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին համապատասխան, արդարացի փոխհատուցմամբ և բոլոր ընթացակարգերը պահպանելով»:

Բեռնում.....