30.1 C
Yerevan
4 Հունիսի, 2023
249596.8 By Google Analytics 03.06.2023
Գլխավոր » Թուրքիան ցանկանում է խաղաղություն բերել Եփրատից արևելք
Աշխարհ

Թուրքիան ցանկանում է խաղաղություն բերել Եփրատից արևելք

Թուրքիան պատրաստ է մոտակա օրերին օպերացիա սկսի «Սիրիայի ահաբեկիչների դեմ»: Այդ մասին, «Лента.ру» լրատվական կայքի փոխանցմամբ, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Նրա խոսքերով` անվտանգության գոտու ստեղծման պլանը սիրիացիների համար հայրենիք վերադառնալու ամենատրամաբանական և խելամիտ միջոցն է, և դա ապացուցվել է նախորդ օպերացիաներով: Նա հավելել է, որ մտադիր են դրա արդյունքում Եփրատից դեպի արևելք ընկած տարածք վերադարձնել 2 միլիոն մարդու:

«Մենք արել ենք անհրաժեշտ պատրաստությունները, մշակել ենք օպերատիվ պլաններ, տվել ենք համապատասխան հրահանգներ,- հայտարարել է նա: Էրդողանը նշել է, որ օպերացիան կիրականացվի ինչպես ցամաքից, այնպես էլ օդից և կարող է սկսվել «ինչպես այսօր, այնպես էլ վաղը»: 2018 թվականի հունվարին էլ Թուրքիան հայտարարեց «Ձիթենու ճյուղ» օպերացիայի մասին` ուղղված սիրիական Աֆրինում քրդական կազմավորումների դեմ: Արդյունքում շրջանը բռնազավթվեց թուրքական զորքերի և Անկարայի կողմից կռվող ընդդիմադիր կազմավորումների կողմից:

«РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էրդողանը օպերացիայի նպատակը համարում է Սիրիայի սահմանակից տարածքների մաքրումը սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերից և այնտեղ անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտությունը: Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը, որը աջակցում է քրդերին, պետք է պատասխանի այն հարցին` համարո՞ւմ է դրանք ահաբեկչական կազմակերպություններ: Ապա շարունակում է. «Թուրքիան արդեն կուշտ է խոստումներից, նա բավականին երկար համբերել է: Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ի հետ համատեղ Սիրիայում ցամաքային և օդային վերահսկման մասին գաղափարները ձգձգում են անվտանգության գոտու ստեղծման պլանի իրականացումը: Մենք ցանկանում ենք խաղաղություն բերել Եփրատից արևելք»,—ավելացրել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ օգոստոսին Անկարայում անցկացվեցին թուրք-ամերիկյան բանակցություններ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Այն ժամանակ կողմերը պայմանավորվեցին համապատասխան գոտում համատեղ գործողությունների համար ստեղծել համակարգող կենտրոն: Սակայն, ինչպես ավելի ուշ հայտարարեց Էրդողանը, եթե ԱՄՆ-ը ձգձգի գոտու ձևավորման աշխատանքները, Անկարան կսկսի այդ տարածքը վերահսկող քրդական ուժերի դեմ օպերացիան:

Պաշտոնական Դամասկոսը խիստ դեմ արտահայտվեց թուրք-ամերիկյան համաձայնագրին` հայտարարելով, որ այն իրենից ներկայացնում է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև միջազգային իրավունքի ցայտուն խախտում: Կոնֆլիկտը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից: 2015 թվականին Ռուսաստանի զինված ուժերը` հրավիրված պաշտոնական Դամասկոսի կողմից, սկսեցին օգնություն ցույց տալ երկրի տարածքը գրոհայիններից ազատագրելու գործում: Երկու տարի անց ռուսական հրամանատարությունը հայտարարեց ռազմական օպերացիայի ակտիվ շրջանի ավարտի մասին: Սակայն հենց այս պահին էլ Սիրիայի առանձին շրջաններում շարունակվում են ահաբեկիչներից ազատագրվելու գործողությունները:

Անկարան ամեն կերպ փորձում է ակտիվ դերակատարում ունենալ Սիրիայի ապագայի որոշման հարցում, ինչպես նաև վերջնականապես լուծել քրդական հարցը, ընդլայնել ազդեցության ոլորտները: Եվ այդ նպատակին հասնելու համար պատրաստ է գնալ ցանկացած քայլի: Հիմա այդ երկիրը վերահսկում է Էլ-Ռաի, Էլ-Բաբ և Ջարաբլուս քաղաքների շրջակա տարածքները` սահմանային գոտին: Իսկ, օրինակ, Աֆրինում պատրաստվում է դպրոցներ և հիվանդանոցներ բացել, ինչը կօգնի նրան պաշտոնապես ամրապնդվել նաև այդ շրջանում:

Բեռնում.....