Ինձ համար անընդունելի է ցանկացած հարձակում ցանկացած լրատվամիջոցի նկատամամբ։ Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նման հայտարարություն արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն՝ անդրադառնալով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակմանը:
«ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, առանց ազատ ու անկախ մամուլի իրական ժողովրդավարություն լինել չի կարող։ Կարծում եմ՝ այսքանով ամեն ինչ ամփոփված է»,- ասաց նա։
Վարդանյանը նկատեց, որ վերջին շրջանում «Հայելի» ակումբն ու համանուն կայքն ամենաշատն իրեն են ոչ դրական համատեքստում լուսաբանել, բայց, միևնույն է, իր համար դատապարտելի է բռնությունը։ Նա շեշտեց, որ եթե չլինի ազատ մամուլ, ապա ՀՀ-ում ժողովրդավարությունը կարող է վտանգվել:
«Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ խոսքի ազատությունն անսահմանափակ չէ և առնվազն դեպքեր կան, որոնց պարագայում այն պետք է սահմանափակվի, խոսքը վերաբերում է այլոց վիրավորելուն, այլ անձանց զրպարտելուն և այլն: Վոլտերին մեջբերեմ, որ չեմ կիսում այդ լրատվամիջոցի կարծիքը, բայց պատրաստ եմ կյանքս տալ, որպեսզի լրատվամիջոցը կարծիքն արտահայտելու իրավունք ունենա: Սա վերաբերում է բոլորին, ամենացավալին այն է, որ ֆեյքային հարձակումները համացանցում և որոշ լրատվամիջոցներում ավելի ուժեղացան, ինչը կարծում եմ ավելի մտահոգիչ պետք է լինի նախ և առաջ ԶԼՄ-երի համար»,- ընդգծեց Վարդանյանը։
Դիտարկմանը, որ «Հայելի» կայքի խմբագիր Անժելա Թովասյանը հարձակումը քաղաքական հետապնդում է համարում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետապնդման շրջանակում, Վարդանյանն արձագանքեց․ «Անընդունելի է ցանկացած մանիպուլյացիա, որի միջոցով իրավական գործընթացը փորձում են վերածել քաղաքական գործընթացի»։
