Հայաստանում այսօր մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը նորմալ է գնահատում համաժողովի մեկնարկը։ Newarmenia.am-ի հետ զրույցում Կ. Վարդանյանը նշեց, որ առավոտից ակտիվ է հոսքը նաև համաժողովին զուգահեռ անցկացվող «ԴիջիԹեք» ցուցահանդես։
«Ես այսօր առավոտից «ԴիջիԹեք»-ում եմ, դիմավորում էի նախարարներին, 20 նախարարներ էին եկել և դեռ գալիս են։ Մենք գիտենք՝ ում ենք հրավիրել, ինչպես ենք հրավիրել, կարևորը՝ ընկերությունները գոհ լինեն, մենք միշտ էլ դժգոհ ենք մեր արածից»,- ասաց Կ. Վարդանյանը։
Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ ցուցահանդեսն աճ ունի, աճում է թե՛ ընկերությունների մակարդակը, թե՛ ներկայանալու մակարդակը. «Ոչ մի ստանդարտ տաղավար չկա, բոլորը հատուկ տաղավարներեն, «Արմաթի» սաները մեծացել են, արդեն շատ ավելի լուրջ նախագծեր են ներկայացրել։ Փոխվում է կյանքը»։
Կ. Վարդանյանի խոսքով՝ Հայաստանն իր ուրույն տեղն ունի տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային քարտեզի վրա. «Մեր մասնագետների որակը չի զիջում ցանկացած միջազգային ամենաբարձր մակարդակի մասնագետներին։ Ուղղակի, ցավոք, քիչ են, 20 հազար են, մինչդեռ խորհրդային տարիներին 100 հազար էինք։ Եթե հիմա 100 հազար լինեինք, ավելի լավ կլիներ»։
Նշենք, որ WCIT 2019-ի աշխատանքները կամփոփվեն հոկտեմբերի 9-ին: Համաժողովը հյուրընկալվել է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո: Համաժողովին մասնակցում են 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
ԴիջիԹեք ցուցահանդեսի բաժիններն են՝ կոմպլեքս ինժեներական լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, հեռահաղորդակցություն և ցանցային լուծումներ, բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, տեղեկատվական և կիբեռ անվտանգություն: Ցուցահանդեսին մասնակցում են Ucom, VMware, VOLO, Instigate, Early one, InOne, HackTech, Mtech, TCO և մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաև «Արմաթ» կրթական ցանցի` Հայաստանով և Արցախով սփռված ավելի քան 280 դպրոցների սաներ ու ստարտափեր: Մասնակից ընկերությունների ու ծրագրերի թիվը շուրջ 100-ն է:
