Ըստ «Interfax» լրատվական գործակալության՝ Կրեմլում հույս ունեն, որ Անկարան սիրիական քրդերի դեմ ռազմական օպերացիա իրականացնելիս բոլոր դեպքերում կհարգի Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականությունը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին մասնավորապես ասել է, որ Կրեմլում գիտեն Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականության վերաբերյալ Թուրքիայի ստանձնած հանձնառության մասին: Ապա նա հավելել է, որ Կրեմլում թույլատրելի են համարում Թուրքիայի գործողությունները սեփական անվտանգության ապահովման համար. «Նկատի ունենք հակահարվածը ահաբեկչական տարրերին, որոնք կարող են թաքնված լինել Սիրիայի տարածքում»:
«Բայց ևս մեկ անգամ եմ կրկնում, որ առաջին հերթին մենք ասում ենք այն մասին, որ անհրաժեշտ է հարգել Սիրիայի տարածքային և քաղաքական ամբողջականությունը», — ընդգծել է Պեսկովը:
Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփումներ ունեցե՞լ է իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ վերջին օրերին` կապված Անկարայի պլանների հետ, ապա հավելել է. «Բայց դուք գիտեք, որ, ընդհանուր առմամբ, շփումները և՛ զինվորականների, և՛ հատուկ ծառայությունների գծով բավականին հագեցած են և մշտական»:
Իսկ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) խմբավորման պաշտոնական ներկայացուցիչը նշել է. «Ամերիկայի Միացյալ Նահանգներից հավաստիացումներ կային այն մասին, որ իրենք թույլ չեն տա տարածաշրջանում որևէ թուրքական ռազմական օպերացիա: Բայց այսօրվա այդ երկրի հայտարարությունը տհաճ անակնկալ էր, և մենք կարող ենք ասել, որ դա հարված էր SDF-ի թիկունքին»:
