Բաքվի քաղաքապետարանի առջև այսօր` ժամը 15-ին, իշխանությունների կողմից արտոնված պիկետը վերածվել է այդ ակցիային մասնակցելու համար հավաքվածների ծեծի: Այդ մասին տեղեկացնում է «Turan» լրատվական գործակալությունը:
Ոստիկանության ուժեղացված ջոկատները ակցիայից մեկ ժամ առաջ արդեն մարդկանց թույլ չէին տալիս մոտենալ պիկետի վայրին: Ապա նրանք սկսեցին հալածել և կալանավորել նրանց, ովքեր ցանկանում էին անցնել պիկետի վայր: Ոստիկանությունը գործում էր կոպիտ, ոչ մի պատճառաբանություն հաշվի չէր առնում:
Ակցիայի շրջակայքում անջատված է ինտերնետը, և լրատվամիջոցները չեն կարողանում իրականացնել ուղիղ ռեպորտաժներ: Լրագրողները նույնպես ենթարկվում են ոստիկանության կոպիտ վերաբերմունքին, և նրանց խանգարում են աշխատել: Ակցիայի անցկացման տարածքին մոտ հավաքվել է մի քանի հարյուր մարդ, սակայն պիկետ` որպես այդպիսին, տեղի չի ունենում:
