Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմքայլը» խմբակցության անդամ Հրաչ Հակոբյանը
Պարոն Հակոբյան, մինչև Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործը և ընդհանրապես, նրա անձեռնմխելիությունից զրկվելը, ԲՀԿ-ն ակտիվորեն պահանջում էր իշխանությունների հրաժարականը։ Ձեր կարծիքով՝ այդ թեման փակվա՞ծ է:
-Շարունակում ենք սխալ մեկնաբանել։ Մենք ասում ենք՝ մինչև քրեական գործը։ Այնինչ, շատ կոնկրետ եղավ հայտարարություն, որ քրեական գործը և այդ փաստաթղթերն ի հայտ էին եկել շատ ավելի վաղ, քան իրենց արած հայտարարությունը։ Այնպես որ եկեք շարունակենք խոսել այդ տրամաբանությունից ելնելով՝ այդ հայտարարությունը արդյունք էր այդ քրեական գործի, այլ ոչ թե քրեական գործն էր արդյունք կամ հետևանք այդ հայտարարության։
-Ինչո՞ւ հիմա չեն պահանջում հրաժարական։
-Անկեղծ ասած, իրենց կարող եք հարցնել։ Ես չգիտեմ, ուզում են, պահանջում են, չեն պահանջում։ Եթե չեն պահանջում, ինչու չեն պահանջում։
-Այդ դեպքում ինչու՞ սկսեցին պահանջել, հրաժարականի այդ պահանջը նման էր ամպրոպի շատ պարզ երկնքում։
-Ես ունեմ իմ ենթադրությունները, իմ համոզմունքները, որ նրանք ունեին այդ տեղեկությունները, որ ընտրակաշառքների հետ կապված կա շատ կոնկրետ քրեական գործ։ Եվ, ինչպես նախկինում են իշխանությունների հետ գործարքի գնացել, փորձում էին գործարքի գնալ՝ անել կոշտ հայտարարություն, որպեսզի իշխանությունները գործարքի գնան։ Բայց ինչպես տեսնում ենք՝ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել և ժողովրդի վստահության քվեն ստացած ուժը չի կարող ընտրակաշառք բաժանող ուժի հետ գործարքի մեջ մտնել։
-Պարոն Հակոբյան, ԲՀԿ-ն տեղեկություններ ունի, որ դուք հանուն սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության, կորոնավիրուսով հիվանդ պատգամավորների եք կանչել խորհրդարան, որ քվեարկության ձայները հերիքեն: Ինչպե՞ս եք մեկնաբանում այդ տեղեկությունները։
-Ցավում եմ, որ ԲՀԿ-ն ունի այդպիսի տեղեկություններ, թեպետ ես կասկածում եմ՝ ունի՞, թե հորինում է։ Բայց կարող եմ ասել, որ այնքան պատասխանատվությամբ, որքան մենք ենք մոտենում էս հարցին, թերևս շատ ավելի լավ կլիներ, որ ԲՀԿ-ն նույնպես այդքան պատասխանատվությամբ հետևեր վարակի կանխարգելմանը և չգնար, Ծառուկյանի տան դիմաց այդքան մարդ հավաքվեր։ Այսօր արդեն մենք տեսնում ենք դրա հետևանքները։ Ես չեմ բացառում, որ մեր պատգամավորները միգուցե կորոնավիրուսով վարակված լինեն ԲՀԿ՝ արդեն վարակված պատգամավորներից։ Այնպես որ երբ նման հայտարարություններ անում, լավ կլինի հետադարձ հայացք նետեին և նայեին իրենց, թե ինչպես են դիմակներն իջեցնում ու համբուրվում։
-Ի դեպ, ձեզ Ալեն Սիմոնյանի հետ նկարել էին սրճարանում առանց դիմակի, հիշեցնելով Առողջապահության նախարարի կոչը։ Բայց նախ Դուք թեստավորվե՞լ եք։
-Ես թեստավորվել եմ, ես պահում եմ պարետատան կանոնները։ Նկարել էին սրճարանում, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է հյութ խմել դիմակով։ Մեկնաբանում էին, որ Առողջապահության նախարարը հորդորել է, որ մարդիկ քիչ տանից դուրս գան։ Ներողություն, ես և Ալեն Սիմոնյանը բացի նրանից, որ ընկերներ ենք, նաև գործընկերներ ենք և կարող ենք գործնական հանդիպում ունենալ, ինչն այս դեպքում այդպես էր։ Նկարել էին մեզ Մաշտոցի պողոտայում մի քանի տեղ, որտեղ ինչ-որ պահի իմ դիմակն իջեցված էր։ կարծում եմ, մեր քաղաքացիներից բոլորը կարիք ունեն մի քանի վայրկյան դիմակն իջեցնել, որ մաքուր օդ շնչեն։ Էստեղ կարևորը ո՞րն էր՝ իրենք վերցրեցին մի նշաձող, որ ինձնից ստեղծեն, ստանան մաքսանենգ Պաբլո Էսկոբարի կերպար։ Բայց էնքան դա նրանց մոտ չստացվեց, որ այդ սուտ լուրը հավաստի թվա, որ նշաձողն իջավ, իջավ, մինչև ինձ սկսեցին մեղադրել, որ դիմակ չեմ կրում։
-Դուք ինչո՞վ եք թույլ օղակ, որ նախկինները ձեզ են թիրախավորում։
-Ես ունեմ իմ ենթադրությունը՝ ես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ եմ, երբեմն շատ կոշտ հայտարարություններ եմ արել, օրինակ, Միշիկի հետ կապված։ Դրանից հետո ես շատ կոնկրետ զգացի տարբերությունը, թե ինչպես ինձ թիրախավորեցին։ Այդ ժամանակ էր, որ ի հայտ եկավ ծխախոտի մաքսանենգության պատմությունը, որը երկու ամսում ի չիք եղավ։ Նրանք փորձում են ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներին մեղադրեն ինչ-ինչ բաներում։ Չգիտեմ, դրանք հանցագործություններ կլինեն, թե ինչ, շատ էժան են։ Ես, ընդդիմություն եղած ժամանակվանից մինչ օրս չեմ իմացել Սերժ Սարգսյանի աղջիկներից որևէ մեկի անունը։ Նրանք գիտեն Նիկոլ Փաշինյանի երեք դուստրերի անունը, որդու անունը։ Այսինքն, սահմաններ կան, որ իրենք անցնում են, բայց Աստված իրենց հետ։ Ժողովուրդն այս ամենը տեսնում է, բայց Աստծո դատողությանը թողնենք ամեն ինչ։
Մանրամասները տեսանյութում
Զրուցեց Մհեր Արշակյանը
