Ընդհանուր առմամբ, կայուն և վերահսկելի է գնահատվում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը: Այսօր ՊՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։
«Լարվածություն ու միջադեպեր միշտ եղել են, կան, մոտ ժամանակներս դրանք կշարունակվեն: Մի փոքր նվազել է կրակոցների ու միջադեպերի քանակը: Վերջին շրջանում իրականացված աճի վերաբերյալ, որը գրանցվեց Տավուշի մարզում, այս պահի դրությամբ իրավիճակն էական փոփոխություն չի կրել: 20 րոպե առաջվա դրությամբ կային որոշակի կրակոցներ, բայց դրանք ոչ նպատակային բնույթ էին կրում, մեր պատասխան կրակով դադարեցվեցին: Կանխատեսում ենք, որ այդ ուղղությամբ այլևս լարվածություն չի լինի: Համարժեք պատասխան տրված է այդ ուղղության վրա»,- ասաց նա
Դավթյանը, խոսելով Տավուշի մարզում վերջին շրջանի լարվածության մասին, նշեց, որ այս պահի դրությամբ այնտեղ իրավիճակն էական փոփոխություններ չի կրել․«Լարվածության որոշակի էլեմենտներ կան, բայց դա համարենք, որ սահմանային ռեժիմի լարվածություն է, որը միշտ եղել է», — շարունակեց Արտակ Դավթյանը։
ԳՇ պետը վստահեցում է, որ ցանկացած սադրանքի ժամանակ հայկական կողմը կարողանում է լռեցնել հակառակորդին։
