2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 14.01.2021
Գլխավոր » «Շատ պարզ բաներ է ասում Ռուսաստանի դեսպանատունը, և դա ընկալելի է, հետո՞ ինչ»․ Սոս Ավետիսյան
Այլ Լուրեր

«Շատ պարզ բաներ է ասում Ռուսաստանի դեսպանատունը, և դա ընկալելի է, հետո՞ ինչ»․ Սոս Ավետիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոս Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, արդեն հայտնի է, որ Հանրապետության նախագահը չի ստորագրել ՍԴ օրենքի փոփոխությունները։ Ձեր կարծիքով, ինչու՞ չստորագրեց:

-Ես կարծում եմ, որ այդ հարցի շուրջ այդքան տվայտվել պետք չէ։ Նախ այդ հարցը պետք է ուղղել ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությանը, բայց ուզում եմ հիշեցնել, որ նախագահը երկու ճանապարհ ճանապարհ ուներ՝ կամ չստորագրելով ուղարկում էր ՍԴ, կամ ուղղակի չէր ստորագրում։ Եվ այդ պարագայում ԱԺ նախագահը իրավունք ունի սահմանված ժամկետում ստորագրել և հրապարակել օրենքը։

-Հայտնի է, որ ՍԴ մասին այս օրենքի փոփոխությունները միանշանակ չեն ընկալվել քաղաքական ուժերի մոտ, հնարավոր է, որ դա իր ազդեցությունը գործած լինի նախագահի վրա, և նա չուզենա իր վրա պատասխանատվություն վերցնել:

-Ես չեմ կարծում, որ նախագահի վրա ազդեցություններ գործելու ինչ-որ հնարավորություններ կան։ Նախագահն ինքն է որոշում տարբեր փաստաթղթերի վերաբերյալ իր կարծիքն ու դիքորոշումներն ունենալ։ Ինչ վերաբերվում է տարբեր քաղաքական ուժերի շահարկումներին ու ճարտարախոսություններին, ապա ավելի պարզ պրոցեդուրա է օրենքի վրա հիմնված և համապատասխան դիտարկումները հաշվի առած, նաև մեր միջազգային գործընկերների։ Այնպես որ որևէ խնդիր չկա և չի կարող լինել, սա ավելի շատ արհեստական ուռճացված հարց է և խուճապ է առաջացրել մեր ընդդիմադիր գործընկերների ճամբարում, որովհետև իրենց հաշվարկներն այլ էին և այդ հաշվարկները ջուրն են նետված։

-Արդեն հայտնի՞ է, թե երբ կստորագրի ԱԺ նախագահն այդ փոփոխությունները։

-Մենք պետք է տեսնենք նախագահի քայլերի ամբողջ տրամաբանությունը, այսինքն, տեսնենք ինչ է տեղի ունենում։ Որովհետև ժամկետ կա, որից հետո այս հարցը կարող է ակտուալ լինել։

-Տեսալսողական մեդիայի մասին նոր օրենքն իսկապե՞ս կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա։ Կա՞ այդպիսի նպատակ օրենքում։

-Որևէ այդպիսի նպատակ օրենքը չի հետապնդում։ Ես կարծում եմ՝ ոլորտային հանձնաժողովի նախագահը դրա վերաբերյալ հստակ դիրքորոշում է հայտնել։ Բայց եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Հայաստանում, ցավոք սրտի, մենք ունենք մեկ հանրային մուլտիպլեքս, որը տրամադրում է հանրային հաճախականությունները։ Եվ տրամաբանական ու պարզ է, որ հանրային մուլտիպլեքսում պետք է լինեն հայկական բովանդակությամբ ծրագրեր։ Սա չի ուղղված որևէ երկրի դեմ, որևէ պետության դեմ։ Առհասարակ սա ուղղված է մեզ՝ մեր պահանջներին, մեր լեզվին, մեր դիսկուրսին։ Ընդ որում՝ ծրագրերի նկատմամբ կա պահանջ, որ պետք է ունենան թարգմանություն։ Այսինքն, սա չի բացառում, որ կարող են լինել ծրագրեր, որոնք ռուսական բովանդակությունից են վերցրած։ Իսկ այդպիսի ծրագրեր կան։ Դիցուք, ռուսական «Կուլտուրա» ալիքը, որը ես մեծ հաճույքով նայում եմ, որը պետք է թարգմանվի և հասանելի լինի մեր ժողովրդին։ Ու սա վերաբերվում է բոլոր երկրների լրատվականներին։ Քավ լինի, Հայաստանում կան անալոգային կամ այլ տիպի այլ ալիքներ, որտեղ կարող են տեղավորվել ցանկացած երկիր, եթե իհարկե նրանք խիստ չեն վտանգում ՀՀ անվտանգությունը։ Դա ճիշտ է միայն երկու երկրի պարագայում՝ Թուրքիա և Ադրբեջան։ Մնացած բոլոր երկրները ազատ են այնտեղ մրցակցել, գումար վճարել և սփռել իրենց բովանդակությունը։

-Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ձեզ հիշեցնում է, որ դե ֆակտո ռուսերենն այսօր մեծ դեր է խաղում Հայաստանում: «Մենք գիտենք, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասը կապ ունի Ռուսաստանի հետ՝ ոմանք այստեղ աշխատում են, ոմանք՝ ապրում, ունեն հարազատներ, ում այցելում են եւ այլն»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Ի՞նչ են ակնարկում նրանք:

-Ես չգիտեմ ակնարկի տրամաբանությունը որտեղ է, բայց ՀՀ շատ ու շատ քաղաքացիներ, այո, ունեն բարեկամներ ՌԴ-ում, շատերը այդ երկրի քաղաքացիներ են, շատերը նաև պարտաճանաչ հարկատուներ են, և այդտեղ ես ինչ-որ խնդիր չեմ տեսնում։ Դե ֆակտո, ռուսերենն, իհարկե, կարևոր լեզու է Հայաստանում, բայց դե յուրե և դե ֆակտո Հայաստանում կա մեկ պաշտոնական լեզու և դա հայերենն է և այդպես է լինելու։ Մենք ունենք ազգային փոքրամասնություններ, որոնց լեզուն պահպանելու պոզիտիվ պարտականություն ունի պետությունը, որովհետև մենք եվրոպական լեզուների խարտիան ստորագրած երկրներից ենք, ըստ որի որոշակի հեռուստահաղորդումներ պետք է լինեն ազգային փոքրամասնությունների համար, այդ թվում՝ ռուսների։ Այո, շատ պարզ բաներ է ասում Ռուսաստանի դեսպանատունը, և դա ընկալելի է, բայց հարց է առաջանում՝ հետո՞ ինչ։

-Դեսպանատունն ասում է «Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վարորդական իրավունքների հետ կապված իրավիճակը: Դրա համար պետք է, որպեսզի Հայաստանում ռուսերենը պաշտոնական կարգավիճակ ունենա»: Կարո՞ղ է ռուսերենը ունենալ պաշտոնական կարգավիճակ:

-Հայաստանում հայերենից բացի որևէ լեզու պաշտոնական կարգավիճակ չի կարող ունենալ այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետության բնակչության 97-98 տոկոսը հայեր են։ Ընդ որում, ավելի փոքր ազգային փոքրամասնություն կազմող խմբերի երկրորդ տեղում եզդիներն են։ Ինչ վերաբերվում է վարորդական իրավունքներին, ապա այստեղ կա շատ պարզ մի բան՝ եթե մենք ընդհանուր ինտեգրացիոն տարածքում ենք, և այդպիսին է նաև մեր ռուս գործընկերների տեսլականը, ապա տարակուսելի է, թե ինչու հայ վարորդների վարորդական իրավունքը պետք է կապված լինի ռուսերենի պաշտոնական լեզու լինելու հանգամանքի հետ։ Դրա տրամաբանական կապն ինձ համար մի քիչ ակնառու չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Կողմերի դիրքային բարելավումները չպետք է խանգարեն բանակցություններին․ Սոս Ավետիսյան

Նատա Հարությունյան

Ադրբեջանը չէր սպասում միջազգային հանրության կողմից նման արձագանքների սահմանային լարվածության վերաբերյալ․Սոս Ավետիսյան

Սերինե

Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պետք է աշխատի կրակի դադարեցման մշտադիտարկման թիմերի մեծացման ուղղությամբ․ պատգամավոր

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին