Այս տարի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը ստացել է 679 հետընդունման հայց՝ 1376 անձի վերաբերյալ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2018-ի նույն ժամանակաշրջանում ստացվել էր հետընդունման 715 հայց։ Հայցերի 94%-ը ԵՄ երկրներից է, 40-ը՝ ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես՝ Ռուսաստանից։ Եվրոպայից արտաքսվածների վերջին չվերթը սեպտեմբերի 5-ին էր, երբ Գերմանիայից հակադիր վերադարձվեցին մեր 48 հայրենակիցներ։ ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է հատկացնել 13 մլն 680 հազար դրամ։
ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը Newarmenia.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագիծն այնքանով է բարձր գնահատվում, որ պետության միջնորդությամբ վերաինտեգրում է իրականացվում։ «Երբ Միգրացիոն ծառայությունում Վերադարձ և վերաինտեգրում բաժին նոր ստեղծվեց, մտածում էինք, որ այս ծրագիրը կկարողանանք սկսել 2020 թ. կեսերին, բայց բոլորը շահագրգիռ էին և արագ տեմպով իրականացվեց։ Հույս ունենք, որ այն շուտով կհաստատվի և արդեն այս տարի նոյեմբերից կսկսենք»,- ասաց Ն.Դավթյանը։
Ըստ նրա՝ բյուջետային հատկացումից ամսական 60 հազար 3 ամիս տրամադրվելու է վերադարձողների 38 ընտանիքների ժամանակավոր կացարանի համար. «Շահառուներին ընտրելու ենք ըստ խոցելիության, քանակը շատ սահմանափակ է, առաջնահերթությունը տրվելու է երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցողների, բազմազավակ ընտանիքներին։ Առավելությունն այն է, որ 2 օրում որոշում կկայացվի և 2-3 օրում գումարը կտրամադրվի»։
Նա ընդգծեց, որ ծրագիրը հարկադիր վերադարձողների համար է, ոչ թե՝ կամավոր, և ոչ միայն ԵՄ-ից, այլև ԵԱՏՄ և այլ երկրներից։ «Հարկադիր վերադարձողները գալիս են հոգեբանական ծանր վիճակում, ի վիճակի չեն լինում գնալ առողջապահության այլ նախարարություններ, և մենք գնալու ենք օդանավակայանում դիմավորենք, կարիքների գնահատում իրականացնենք և «մեկ պատուհանի» սկզբունքով աջակցությունը տրամդրենք»,- ասաց Ն. Դավթյանը։
Նշենք, որ չնայած մի շարք վերաինտեգրման ծրագրերի առկայությանը Հայաստանում, այնուամենայնիվ, վերադարձվողների համար նախատեսված պետական օժանդակության որևէ ծրագիր այսօր դեռևս չի իրականացվում։ Մեծ հաշվով Հայաստանում ցուցաբերվող վերաինտեգրման աջակցությունը ԵՄ երկրներից կամավոր վերադարձի խրախուսման ծրագրերի մաս է և ձևակերպված չէ որպես հայաստանյան օրակարգից բխող հիմնահարց: Այս ծրագրով պետական պաշտոնյաները նաև հույս ունեն, որ կարևոր ազդակ կուղղվի ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն արագացնելու առումով՝ հաշվի առնելով, որ պետության կողմից դրամական միջոցների ներդրումն արձանագրում է նաև պետության շահագրգռվածությունը վերադարձած միգրանտների՝ հայրենիք վերադարձի խրախուսման և վերաինտեգրման հարցում:
