«Թուրքիայի համար լուրջ խնդիր կա այս հատվածում, դրանք քրդական խմբավորումներն են, որոնք Թուրքիան ասոցացնում է ՊԵԿԱԿԱ-ի հետ, որն ահաբեկչական է որակվում Թուրքիայում և Թուրքիան այս քրդական խմբավորումներին տեսնում է որպես ՊԵԿԱԿԱ-ի ճյուղավորումներ: Հետևաբար, Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող գործընթացները, հատկապես այս քրդական խմբավորումների ակտիվությունը լուրջ սպառնալիք է Թուրքիայի համար, ինչքան էլ, որ ինքը փորձում է իր ռազմական ներկայությամբ չեզոքացնել»,- այդ մասին Newarmenia.am-ի հետ զրույցում խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ակտիվության մասին՝ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ակտիվությունը միշտ է նկատվել հատկապես Սիրիայի հյուսիսում, հիմա պահն է և ժամանակն է, որպեսզի Թուրքիան կարողանա իր այս ակտիվության առարկայական դրսևորումները կյանքի կոչի այս փուլում:
Արաբագետը նաև նշեց, որ այս արտարտարածաշրջանային ուժերը, մասնավորապես՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն, ուշի ուշով հետևում են և մտահոգված են սիրիական հակամարտությամբ, դա հակամարտության հենց ամենասկզբից նկատվեց:
«Այսինքն՝ այս ուժերն իրենց ուշադրության կենտրոնում են պահում սիրիական զարգացումները: Ուղղակի այս պահին նաև կարծում եմ, որ Թրամփի գրառումն էր այդ մասին խոսում, որ ԱՄՆ վարչակարգը կողմնակից է, որպեսզի արդեն հակամարտության մեջ ներքաշված տարածաշրջանային ուժերն ունենան ակտիվ դերակատարում: Իհարկե արևմուտքի համար ընկալելի և կանխատեսելի ուժեր, որի մեջ նաև Թուրքիան է մտնում: Հետևաբար, եթե Թուրքիան որոշակի սպառնալիք էր Սիրիայի հյուսիսում, ապա Միացյալ նահանգները իր բանակցությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ որոշակի խորությամբ թուրքերին կարելի է թույլ տալ, որպեսզի նրանք ներխուժեն և ներկա լինեն Սիրիայի հենց այս՝ հյուսիսային հատվածում»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Պատասխանելով նաև այն հարցին,թե այս ամենը ինչպիսի ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի համար, արաբագետն ասաց, որ Հայաստանի համար անմիջական ռիսկեր չկան, բայց այստեղ կան մտահոգություններ այն առումով, որ Եփրատից արևելք ընկած հատվածներում, հատկապես խոշոր բնակավայրերում ունենք հայեր:
Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ թուրքական ցանկացած առաջխաղացում և ակտիվություն, հատկապես զինուժի ակտիվություն այս հատվածներում, դա մտահոգիչ է հատկապես տեղի հայերի համար և ընդհանրապես դավանական փոքրամասնությունների համար:
«Այսինքն՝ որոշակի մտահոգություններ, այս առումով իհարկե կան: Մենք այստեղ ունենք պատմամշակութային հուշարձաններ և կարծում եմ՝ թուրքերը, հատկապես ներկայիս իշխանությունները դեմ չեն լինի, որ այդ առումով էլ որոշակի վնաս հասցնեն նաև հայկական պատմամշակութային հուշարձաններին: Այնպես որ այստեղ անելիքներ կան, մտահոգություն կա, որին պետք է ուշադրություն դարձնել»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
