Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռազմական օպերացիայի անցկացմանը: «Մենք համոզված ենք, որ նման գործողությունները ոչ միայն չեն ամրապնդի Թուրքիայի անվտանգությունը, այլև կհանգեցնեն նյութական մեծ վնասի և մարդկային զոհերի: Այդ ամենը հաշվի առնելով` Իրանը դեմ է հանդես գալիս որևէ ռազմական օպերացիայի անցկացմանը»,- մեջբերում է «ТАСС» լրատվական գործակալությունը Իրանի ԱԳՆ-ի խոսքերը:
Իսկ ահա Իրաքում Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Մասուդ Բարզանին դիմել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Սիրիայի քրդերին պաշտպանելու խնդրանքով: Բարզանին, որը Իրաքյան Քուրդիստանի նախկին նախագահն է, իր անհանգստությունն է հայտնել քրդերի ապագայի հարցում և խնդրել Ռուսաստանին իր դերը խաղալ Սիրիայի այդ ժողովրդի տառապանքները կանխելու համար:
Իր թվիթերյան էջում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր քանդել Թուրքիայի տնտեսությունը: Դրան անմիջապես հետևել էր այդ երկրի փոխնախագահ Ֆուատ Օկտայի պատասխանը. «Թուրքիան այն երկիրը չէ, որը գործում է սպառնալիքների ազդեցության տակ: Մենք ինքներս ենք որոշել մեր ճանապարհը և ինքներս էլ կկտրենք պորտալարը, երբ դա հարմար կհամարենք: Մենք երբեք թույլ չենք տա մեր սահմանների մոտ ստեղծել ահաբեկչական միջանցք, ինչ էլ դա մեզ համար արժենա: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. ապահովել մեր սահմանների հանգստությունը և սիրիացի եղբայրների ապագան: Մեզ համար կարևոր է նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը և քաղաքական միասնականությունը», — ասել է Օկտայը` ելույթ ունենալով Անկարայում:
Ըստ փոխնախագահի՝ 370 հազար սիրիացի արդեն տուն է վերադարձել Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ Թուրքիան անցկացրել է «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» օպերացիաները: Եվ այժմ եկել է Եփրատից արևելք անվտանգության գոտի ստեղծելու հերթը: Եվ Թուրքիան ահաբեկիչներին ցույց կտա իրենց տեղը:
Ըստ «Ria novosti» լրատվական գործակալության՝ Դոնալդ Թրամփի` Թուրքիայի տնտեսությունը քանդելու մասին հայտարարությանն արձագանքել են նաև ՌԴ Պետդումայի պատգամավորները: Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակը հայտարարությունը համարել է ապօրինի սպառնալիք և հավելել է, որ նման երկխոսությունն անընդունելի է. «ԱՄՆ-ի ղեկավարության սպառնալիքները Թուրքիայի հասցեին` կապված Անկարայի` Սիրիայի հետ հյուսիս-արևելյան սահմանում անվտանգության գոտի ստեղծելու մտադրության հետ, կրում են անօրինական բնույթ և երկրի ղեկավարության վրա ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում»:
