«Փաստ» օրաթերթը գրում է.
Իշխանափոխությունից հետո ի սկզբանե կային նախադրյալներ առ այն, որ հայ-ռուսական հարաբերությունները հարթ չեն ընթանալու: Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ծավալվող քննարկումներին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանը: Նա ընդգծեց, որ այդ նախադրյալները, ըստ էության, օբյեկտիվ էին:
«Նախ՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը իր զանգվածային բնույթով ու ազդեցությամբ ռուսական էլիտայի համար անցանկալի տարր էր՝ հաշվի առնելով Ուկրաինայի ու Վրաստանի հեղափոխությունները: Երկրորդ հանգամանքն այն էր, որ ռուսական իշխանության ներկայացուցիչներն ավելի շատ հին սերնդի մարդիկ են, ովքեր սոցիալիզացվել են Խորհրդային Միության ժամանակ:
Իսկ Հայաստանում իշխանության եկածներն ավելի երիտասարդ էին, նոր սերնդից, ու, գուցե, այդ առումով խորթ վերոնշյալ ներկայացուցիչների համար:
Երրորդ պատճառը հետևյալն էր. ի սկզբանե արդեն նկատելի էր դառնում, որ ռուսական կողմից կասկած կար առ այն, որ Հայաստանում իշխանության եկածների մեջ շատ են մարդիկ, ովքեր նախկինում այս կամ այն կերպ կապ են ունեցել արևմուտքի հետ, և այդ «բագաժով» եկել, դարձել էին Հայաստանի ղեկավարներ ու պետք է շփվեին իրենց կոլեգաների հետ:
Այդ կասկածն իր ազդեցությունը ևս ունեցել է, որովհետև ռուսական հատվածն այդ հարցում առավել զգայուն է: Այս երեք տարրերն էին, որոնք դրեցին նաև այն խնդիրների սկիզբը, որոնք առաջացան հետագայում»,-ասաց փորձագետը:
Դիտարկելով վերջին երկու տարիների ընթացքը՝ Հ. Բաբայանը շեշտեց. «Մեծ հաշվով, ասել, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց ռազմավարական մակարդակում ինչ-որ լուրջ անկում են ունեցել, ճիշտ չի լինի, որովհետև, ըստ էության, շարունակում են գործել պայմանագրային պարտավորությունները, զենքի վաճառքը և այլն: Այսինքն, ամենաբարձր մակարդակում հարաբերությունները շատ լուրջ կորուստ չեն գրանցել: Փոխարենը երկու հատված կա, որտեղ կարող ենք բացասական միտում նկատել:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
