Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Քննչական կոմիտեի ծառայողներին կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ։
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քննչական կոմիտեի ծառայողներին պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։ Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի:
