Վիտալի Բալասանյանը կարծում է, որ հեղափոխությունից հետո կեղծ լուրերը և ՀՀ իշխանությունների դեմ հակաքարոզն Արցախում որոշակի ֆոն են ստեղծել և հնարավոր կլինի նման հռետորաբանությամբ մոբիլիզացնել ինչ-որ ընտրազանգված: NewArmenia-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ «Վերածնունդ խմբակցության» ղեկավար Հայկ Խանումյանը։
«Միաժամանակ նման հռետորաբանությամբ նա ցանկանում է մնալ Սերժ Սարգսյանի նախընտրելի թեկնածուն, քանզի Սերժի ֆավորիտը լինելու համար Բակո Սահակյանի շրջապատում այս պահին մեծ մրցակցություն կա»,- ասաց նա:
Խանումյանը Բալասնյանի հռետորաբանությունն անթույլատրելի է համարում։ Նա նկատեց, որ այսօր ՀՀ կառավարությունն օր օրի մեծացնում է Արցախում իրականացվող ծրագրերի ծավալը։
«Նման հռետորաբանությունն, իհարկե, անթույլատրելի է, հատկապես մի կառավարության նկատմամբ, որն ամեն օր մեծացնում է Արցախում իրականացվող ծրագրերը, բանակի մարտունակությունը, գնում է նոր սպառազինություն, ավելացնում է զինծառայողների վարձատրությունը, ծրագրում է նոր ենթակառուցվածքներ ստեղծելու մասին: Նման կառավարության նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքն ինքնին անթույլատրելի է, և ակնհայտ է, որ այսպիսով Վիտալի Բալասանյանը փոքր ռևանշիստական խմբակի շահեր է սպասարկում»,- ընդգծեց Խանումյանը։
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նման հայտարարութուններով սեպ չի խրվում հայկական երկու հանրապետությունների մեջ, Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Միշտ էլ կլինեն գործիչներ, որոնք անտրամաբանական կամ բանականության մեջ չտեղավորվող հայտարարություններ կանեն: Բայց կարծում եմ, որ մեր հասարակությունն այնքան ուժեղ է, որ նման հայտարարություններն որևէ ազդեցություն չեն կարող ունենալ: Ընդամենը կիջեցնեն նման հայտարարություններով հանդես եկողների վարկանիշը»:
