Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները ՀԱՊԿ-ի` արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստի ժամանակ կփորձեն կարգավորել արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման մեխանիզմը: Այս մասին փոխանցում է «Ria novosti» լրատվական գործակալությունը:
Ղրղզստանի նախագահի պետական նստավայրում անցկացվում է ՀԱՊԿ երկրների` արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգող խորհրդի 12-րդ նստաշրջանը, որին մասնակցում են այդ երկրների արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարները և կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը:
«2011 թվականին մենք հաստատեցինք արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման կարգի մասին փաստաթուղթ և մի քանի անգամ փորձել ենք այն կիրառել: Սակայն ամեն ինչ չի ստացվել այնպես, ինչպես պետք է լինի», — նստաշրջանի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Նրա խոսքերով՝ անչափ կարևոր է մանրամասնորեն քննարկել խնդիրների պատճառները:
«Արդեն 3 տարի է, ինչ խոսակցություններ են գնում այն մասին, որ պետք է փոփոխություններ կատարել այդ փաստաթղթում: Բայց ես կարծում եմ, որ դա տրամաբանական չէ, քանի դեռ մենք այն չենք փորձարկել գործնականում: ՀԱՊԿ-ի ռազմական սպառնալիքներին արձագանքման մեխանիզմը մշտապես մշակվում է: Անհրաժեշտ է մշակել նաև հնարավոր արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման հարցը»,- ընդգծել է Սեմերիկովը:
