ՀՀ-ում արդեն միշտ՝ գարուն, ամառ, աշուն, ձմեռ, թեժ է լինելու, որովհետև կա խոսքի ազատություն, և մարդիկ կարող են իրենց տեսակետներն ազատ արտահայտել։ NewArmenia-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով հարցին, թե որպես իշխանություն զգա՞ց արտախորհրդարանական որոշ ուժերի խոստացած թեժ աշնան մեկնարկը։ Հովակիմյանը նկատեց, որ այսօր քաղաքականությունը հետաքրում է բոլորին, հետևաբար, հանրությունն ակտիվ է լինելու։
«Բնական է, որ գոնե առաջիկա տարիներին, քանի դեռ սոցիալական խնդիրները լավագույնս չեն կարգավորվել, մարդիկ հետաքրքրվելու են քաղաքականությամբ և օրերը թեժ են լինելու»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիր ճակատ ստեղծելուն, Հովակիմյանը շեշտեց․ «Ռոբերտ Քոչարյանն, անգամ, իր պաշտոնավարման ժամանակ քաղաքականությամբ չի զբաղվել։ Նա, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, քաղաքական գործիչ չի եղել, պարզապես տիրապետել է երկրի իշխանությանը, որից իր ու իր շրջապատի համար ֆինանսական օգուտներ է ձևավորել»։
Պատգամավորը կարծում է, որ այսօր Քոչարյանն իրեն սատարող քաղաքական թիմ չունի, հետևաբար, քաղաքական գործոն էլ չի կարող լինել։
«Նայեք, թե ովքեր են սատարում, էլ չասեմ, որ իր աջակիցների մի զգալի մասը, որոնք մի քանի բառ իրար կապում են, հեղափոխությունից հետո ՔՊ գրասենյակից դուրս չէին գալիս ու պաշտոն էին խնդրում։ Սա ասելով ավելի շատ ուզում եմ ցույց տամ այդ մարդկանց արժեքային համակարգը։ Նրանք մարդիկ են, որոնք եղել են իշխանություն, իրանց հանել են, հետո իրենք գնացել են ընդդիմություն և այլն։ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի կարող լինել քաղաքական գործոն, ինքն ընդամենն անբաստանյալ է, որով ամեն ինչ ասված է»,- շարունակեց պատգամավորը։
Վահագն Հովակիմյանը հիշեցրեց, որ Քոչարյանն այս ընթացքում չի ասում իշխանության ինչ-ինչ սխալների և այլնի մասին, որոնք միտված են պետականաշինությանը, այլ քայլեր է անում, որոնք զուտ պատասխանատվությունից խուսափելու համար են։ Միևնույն ժամանակ Հովակիմյանը նկատեց, որ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու նրա աջակիցների, խորհրդարանում ու խորհրդարանից դուրս կան մարդիկ, որոնք հիմնավոր են քննադատում իշխանությանը։
«Մարդիկ խնդիր են բարձացնում, մենք դա տեսնում ենք ու գնում լուծման ճանապարհով։ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, չէր կարող քաղաքական դաշտում վակումներ չառաջանալ։ Հիմա քաղաքականությունը նոր որակի մեջ է, պետք է նոր ձևափոխումներ լինեն, քաղաքական դաշտը պետք է առողջանա։ Խորհրդարանական ընդդիմություն էլ պետք է ձևավորվի, քանի որ հիմա մի իրավիճակ է, որ 70 տոկոս քվե է ստացել իշխանությունը, իսկ նախկինում, թեև, ընդդիմությունը խորհրդարանում փոքրամասնություն էր, միևնույն է, հանրային լայն իշխանություն ուներ»,- եզրափակեց Վահագն Հովակիմյանը։
